Թուրքիայի քաղաքացի հանդիսացող ավելի քան 100 գիտնականներ նամակով դիմել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նախքան նրա այցը Թուրքիա: Նամակում գիտնականներն իրենց դժգոհությունն են արտահայտել Էրդողանի վարած քաղաքականության և Թուրքիայում տիրող իրավիճակի կապակցությամբ:Թուրքական ընդդիմադիր «Haber.sol.org» լրատվակայքի համաձայն՝ թուրք գիտնականները Գերմանիայի կանցլերի ուշադրությունը հրավիրել են Թուրքիայում լրագրողների հանդեպ կիրառվող բռնությունների և գրաքննության, Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատապարտման բազմաթիվ դեպքերի, բիզնես-ոլորտում առկա սահմանափակումների, քաղաքացիների սեփականության իրավունքի ոտնահարման և նմանատիպ այլ խնդիրների վրա:Հղում կատարելով Եվրամիության (ԵՄ) կանոնադրությանը, որը Թուրքիայում խախտվում է նշված բոլոր խնդիրների պարագայում՝ մտավորականները խնդրել են Մերկելին՝ Էրդողանի և Դավութօղլուի հետ հանդիպումների ժամանակ անդրադառնալ նշյալ հարցերին:
«ԵՄ պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ ԵՄ անդամ և թեկանծու երկրները պարտավոր են ԵՄ սկզբունքներին հավատարիմ լինել ոչ միայն ԵՄ սահմանների ներսում, այլև ողջ աշխարհում: Մինչդեռ Թուրքիայի կառավարությունն ու «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները, և առաջին հերթին՝ նախագահ Էրդողանն և վարչապետ Դավութօղլուն, բացահայտորեն խախտում են այդ սկզբունքները»:Որպես նման խախտումների օրինակ մտավորականները նշել են «երկար ժամանակից ի վեր երկրում շարունակվող լեզվական, կրոնական, էթնիկ և սեռական խտրականությամբ պայմանավորված դրսևորումներն ու գործողությունները, իշխանությունների կողմից տարվող ատելության քաղաքականությունը, բիզնեսի ոլորտում կամայական միջամտություններն ու սեփականության իրավունքի ոտնահարումը»:
Բացի դրանից ուշադրություն է հրավիրվել նաև այն իրողության վրա, որ երկրի նախահագին վիրավորելը պատրվակ դարձնելով թերթերի ու գիտնականների նկատմամբ հետապնդումներ են իրականացվում, ճնշումներ և գրաքննություն բանեցվում, տեղի են ունենում մամուլի և խոսքի ազատության ոտնահարումներ, բացակայում կյանքի անվտանգության երաշխիքը և այլն:Որպես վերջաբան նամակում նշվում է, որ Թուրքիայի անվտանգության ուժերը չեն ապահովում քաղաքացիների կյանքի անվտանգությունն այն դեպքում, երբ կյանքի իրավունքը ԵՄ «մարդու իրավունքների հռչակագրով» ճանաչվել է որպես մարդու բացարձակ իրավունք:
Ըստ թուրք մտավորականների՝ դրա հետևանքով էր, որ տեղի ունեցավ Անկարայի ողբերգությունը, ինչն էլ ակնհայտորեն ցույց է տալիս, որ նախագահն ու վարչապետն արհամարհում են ԵՄ-ի ընդհանուր սկզբունքները:«Այս համատեքստում Ձեր առաջիկա այցը կարող է դիտվել որպես քաղաքական աջակցություն և ԵՄ-ի ամենակարևոր արժեքները ոտնահարողներին սիրաշահում, ինչի առիթով մենք՝ որպես մտավորականներ, խորապես մտահոգված ենք»,- ասված է Մերկելին ուղղված նամակում:Նամակը ստորագրած գիտնականների թվում են Հայոց ցեղասպանությունը ճանաչած և «ներեցեք մեզ, հայեր» նախաձեռնության կազմակերպիչներ Ջենգիզ Աթալայն ու Բասքըն Օրանը:
Աղբյուր` Ermenihaber