▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Ղազարյանը շուտով կվերադառնա

Life.panorama.am-ը գրում է. Դերասան-հումորիստ Աշոտ Ղազարյանն, ում  ճանաչում ու սիրում են ընտանիքի բոլոր սերունդներն, արդեն բավական ժամանակ չի երևում էկրաններին: Սակայն, պարզվում է, դա դերասանի հատուկ «ռազմավարությունն» է:

«Ավելի ավագ սերնդի հանդիսատեսը գիտի, որ ես միշտ աշխատել եմ հետևյալ սկզբունքով. երկու տարի ակտիվ գործունեություն, երկու տարի՝ ստեղծագործական լռություն, և այսպես շարունակ: Միշտ աշխատել եմ այնպես անել, որ ես և հանդիսատեսը միմյանց կարոտենք: Անգամ քո ամենասիրելի մարդուն, եթե ամեն օր տեսնես, կարող է չկարոտես, սովորական վերաբերես: Նաև այդ ընթացքում ասելիք է հավաքվում»,- նշեց դերասանը:

Մեր այն հարցին, թե արդյոք չի՞ լրացել երկամյա ստեղծագործական լռության ժամկետը, դերասանը պատասխանեց. «Այո, արդեն մեկ-երկու առաջարկ ունեմ տարբեր հեռուստանախագծերից, որոնք դեռևս քննարկման փուլում են: Ուզում եմ սրտիս մոտ լինի, որ կարողանամ հավեսով անցկացնել: Չեմ սիրում ձևական բնույթ կրող հաղորդումներ, համ ու հոտ պետք է լինի: Մի քանի օրից մեկնելու եմ հյուրախաղերի՝ Թեհրան: Երբ վերադառնամ, երևի արդեն ամեն ինչ պարզ կլինի»: Աշոտ Ղազարյանը նաև ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել, սակայն մանրամասնել դեռևս չի կարող. «Ռուսական կինոարտադրության հետ է կապված: Այժմ ֆիլմի ֆինանսական խնդիրներն են լուծվում: Երբ ամեն ինչ հստակ լինի, նոր կասեմ»:

Խոսելով հումորի այսօրվա որակի մասին, նա նկատեց. «Միանշանակ կարծիք հայտնել չեմ կարող, և՛ լավը կա, և՛ վատը: Հաճախ շնորհքով տղաներ են լինում, որ նայում ու մտածում եմ՝ ափսոս, լավ մարդկանց ձեռքի տակ չի հայտնվել, որպեսզի իրեն ճիշտ ուղղու վրա դնեն ու ճիշտ ճանապարհով տանեն: Այդ դեպքում մեր հումորիստները շուտ են սպառվում և ասելիք չեն ունենում, որպես արվեստագետ գնում-կորում են: Բայց ես չէի ցանկանա, որ գնան կորեն»:

Թեև դերասանը դժվարանում էր անուններ տալ, սակայն, խուսափել չհաջողվեց: «Ճիշտ է, վախենում եմ մեկ-երկուսի անունը բաց թողնել, հանկարծ տղաները վիրավորվեն, ինչը չեմ ցանկանա, քանի որ բոլորն էլ իմ ընկերներն են, կոլեգաները: Բայց կնշեմ, օրինակ «Vitamin» ակումբի տղաներին, ովքեր հետաքրքիր բաներ անում են: Բայց իրենց էլ լավ ռեժիսորի, սցենարիստի ձեռք է պետք: Ճիշտ է, իրենք իրենցով իրենց հարցերը լուծում են, բայց չէի ցանկանա մի օր սպառվեն: Տաղանդավոր տղաներ են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին