Հոկտեմբերի 18-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը կիրականացնի «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառումը, որը կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի, ինչպես նաև ՀՀ ԿԲ-ի կողմից հոկտեմբեր ամսին հայտարարված «Իմ ֆինանսների միամսյակ» միջոցառումների շրջանակներում:
Տոնավաճառին կմասնակցեն և իրենց արտադրանքները սպառողներին կներկայացնեն հանրապետության ավելի քան 30 ավագ դպրոցների լավագույն աշակերտական ընկերությունների ներկայացուցիչներ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից:
Տոնավաճառը կրթական ծրագիր է, որի շնորհիվ աշակերտները հնարավորություն են ունենում իրենց գործարար ընկերությունների արտադրանքները ներկայացնել սպառողներին և ցուցադրել այն ձեռներեցական հմտությունները, որոնք ձեռք են բերվել ուսումնառության ընթացքում:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի նպատակը աշակերտներին կայուն և հարուստ տնտեսագիտական գիտելիքներով ապահովելն է: Այն նպաստում է աշակերտների ձեռնարկատիրական և գործարար հմտությունների զարգացմանը: Ծրագիրը հատուկ ուշադրութուն է դարձնում գործարարության պրակտիկ ուսուցմանը: Ծրագրի շրջանակներում աշակերտները հիմնում են գործարար ընկերություններ, կատարաում են շուկայական հետազոտություն, գրում են բիզնես –պլան, թողարկում և վաճառում են ընկերության բաժնետոմսերը և կազմակերպում են ապրանքի կամ ծառայության արտադրությունը: Այդ ընթացքում աշակերտները ծանոթանում են նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին: Ծրագրի շնորհիվ աշակերտները վարժվում են թիմային աշխատանքին և դառնում առավել ինքնավստահ:
Տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը աշակերտները ձեռնարկատիրական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կրթական ծրագրի շրջանակներում ուղղելու են տարբեր հանրային ձեռնարկների իրականացմանը:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության վեբ կայքը` www.jaarmenia.org: