Նոյեմբերի 9-ին և 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով համապատասխանաբար Բելառուսի և Կիպրոսի հավաքականներին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.
Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Արաս Օզբիլիս «Բեշիկթաշ» (Թուրքիա)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Գեղամ Ղադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա)
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին՝ Ղազախստան-Հայաստան հանդիպումից հետո, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին խառը գոտում հարզազրույց էր տվել www.vivaronews.am կայքին, որում հնչեցրել է ընտրական փուլում ձախողման գլխավոր մեղավորների անունները:
Մարկոսը մասնավորապես ասել էր. «Շա՛տ վատ է, շա՛տ վատ: Այլևս չեք կարող խաբել: Ֆեդերացիայի նախագահն է մեղավոր, Սուքիասյան Վարուժն է մեղավոր՝ ով սկսեց այս ցիկլը: Ֆուտբոլիստն էլ է մեղավոր: Չի կարելի, որ Մխիթարյանն է մեղավոր, մարզիչն է մեղավոր: Բոլորս մեղավոր ենք: Գիտեմ, որ ժողովուրդը ամոթ է զգում: Ես նույնպես ամոթ եմ զգում: Առաջին անգամ չէ, որ ձախողվում ենք: Պետք է սովորենք, որ մյուս անգամ այսպես չլինի»:
Դրանից հետո կարծիքներ էին հնչել, որ Պիզելլին այլևս չի հրավիրվի հավաքական: