▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Պետրոսյան. «Թիմը պատրաստ կլինի Չեռնոգորիայի դեմ խաղին»

Հունիսի 4-ին` Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս հանդիպման ավարտից հետո՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում  կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը:

-Պարոն Պետրոսյան, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ: Մեկ տարի առաջ նման կարգի հավաքականների հետ ընկերական հանդիպումներ ունեցանք, սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, արդյունավետ չստացվեց: Կա՞ արդյոք նման մտավախություն այս տարի և արդյո՞ք թիմը հոգեբանորեն պատրաստ կլինի Չեռնոգորիայի դեմ խաղին:

-Չեմ կարծում, որ թիմը պատրաստ չի լինի։ Այս խաղը կարևոր էր, քանի որ տեսանք, թե մեր ֆուտբոլիստները ինչ վիճակում են գտնվում: Մի քանի բան նկատել էինք մարզումների ժամանակ, այս խաղին դրանք արդեն շատ ավելի լավ երևացին: Իմ կարծիքով, Չեռնոգորիայի դեմ խաղին թիմը պետք է պատրաստ լինի։

-Արդյո՞ք հաջողվեց խուսափել փոքր վնասվածքներից։

-Այո, մենք խուսափեցինք վնասվածքներից: Մի քանի թեթև հարվածներ եղել են, բայց ոչ ոք առողջական խնդիրներ չունի: 

-Արազ Օզբիլիսը շատ լավ հանդիպում անցկացրեց: Արդյո՞ք դա մրցակցի պաշտպանների թույլ խաղի հետևանքն էր, թե նա իրոք շատ լավ մարզավիճակում է գտնվում:

-Մենք նրան տրամադրեցինք խաղաժամանակ` իմանալով, որ իր թիմի կազմում նա վերջին ամիսներին ընդամենը յոթ րոպե է անցկացրել, վերջին անգամ ապրիլի կեսերին էր խաղացել՝ այն էլ երկրորդ թիմի հետ, այդ իսկ պատճառով մենք նրան 65 րոպե խաղաժամանակ տրամադրեցինք: Նա առաջին խաղակեսում շատ լավ ֆուտբոլ ցուցադրեց, բայց ֆիզիկական պատրաստվածությունը չբավարարեց ամբողջ խաղը նման բարձր մակարդակով անցկացնելու համար։

-Մարկոսը մեր մյուս ֆուտբոլիստների համեմատ այսօր ավելի երկար ժամանակ անցկացրեց դաշտում: Ինչպիսի՞ն է նրա մարզավիճակը և ի՞նչ ներգրավվածություն է նա ունենալու Չեռնոգորիայի դեմ խաղում։

-Կարծում եմ, որ Մարկոսի համար շատ կարևոր էր ամբողջական հանդիպում անցկացնելը: Եթե չեմ սխալվում, նա վերջին անգամ 90 րոպե խաղացել էր փետրվար ամսին: Շանսերը մեծ են, որ Մարկոսը կհայտնվի Չեռնոգորիայի դեմ խաղում հիմնական կազմում:


-Եզրերում այսօր խաղում էին «Ալաշկերտի» ֆուտբոլիստները՝ Գագիկ Դաղբաշյանը և Արտակ Եդիգարյանը: Ինչպե՞ս կգնահատեք նրանց խաղը, և արդյո՞ք Դաղբաշյանի փոփոխությունը  նշանակում է , որ դժգոհ էիք նրա խաղից: 

-Գագիկին փոխարինեցինք, քանի որ ուժեղ հարված ստացավ ոտքին, ու դրա համար չուզեցինք ռիսկի գնալ: Երկուսի խաղից էլ գոհ եմ, կատարեցին այն, ինչ իրենցից սպասում էինք:


-Դուք որոշ չափով ծանոթ էիք մրցակցի խաղին: Ակնկալո՞ւմ էիք, որ այսօր ձեր թիմի առավելությունը մրցակցի նկատմամբ այդքան մեծ կլինի:


-
Այո, սպասում էինք, առաջին խաղակեսում դա շատ էր երևում: Ցավալի է, որ երկրորդ խաղակեսում արդեն մենք հարմարվեցինք իրենց տեմպին և էլ արագություն չկար մեր խաղի մեջ: 

-Փորձարկված ֆուտբոլիստներից ովքե՞ր արդարացրին սպասելիքները և նրանցից ո՞ւմ կտեսնենք Չեռնոգորիայի դեմ խաղում հիմնական կազմում:


-Իմ կարծիքով՝ շանսերը մեծ են, որ մեկ-երկու ֆուտբոլիստներ անպայման կհայտնվեն հիմնական կազմում: Նաև ուրախալի էր, որ այսօր մեր երկու ֆուտբոլիստները՝ Արմեն Մանուչարյանն ու Նարեկ Ասլանյանն իրենց նորաուտը նշեցին ազգային թիմի կազմում։ Երեկ խոսեցինք նաև մեր հարձակման մասին, որ նրանք գոլ չեն խփում, և ահա այսօր թե Արթուր Սարկիսովը, թե Ռուսլան Կորյանը գոլի հեղինակ դարձան: Ի դեպ, Ռուսլանն ու Արտակ Եդիգարյանն իրենց առաջին գոլերը խփեցին հավաքականի կազմում: 

-«Փյունիկում» Արմեն Մանուչարյանը խաղում է աջ պաշտպանի դիրքում, իսկ այսօր դուք նրան փորձարկեցիք պաշտպանության կենտրոնում։ Արդյո՞ք դա ապագայի հետ կապված ծրագրեր են, թե միայն այս խաղում նա այդ դիրքում խաղաց: 

-Նշեմ, որ ես տեսել եմ նրան «Փյունիկում» թե կենտրոնականի, թե աջ պաշտպանի դիրքում խաղալիս, բայց ելնելով մեր փոփոխություններից` մենք գերադասեցինք, որ նա այսօր խաղա կենտրոնական պաշտպանի դիրքում:


-Պարոն Պետրոսյան, այսօր բավական հարձակվողական կազմ էր դուրս եկել դաշտ: Կա՞ նման հնարավորություն, որ նման կազմ կտեսնենք նաև Չեռնոգորիայի դեմ խաղում:

-Կվերլուծենք այս խաղը և կտեսնենք: Շատ հնարավոր է, որ խաղանք հարձակվողական ֆուտբոլ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին