Հայ մեծանուն ռեժիսոր, վավերագրող բեմադրիչ Արտավազդ Փելեշյանը մրցանակի է արժանացել համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար Չեխիայի Յիգլավայում անցկացված Վավերագրական կինոյի միջազգային փառատոնի բացման ժամանակ։
Ստեղծագործական ֆորումի տնօրեն Մարեկ Գովորկան, խոսելով Փելեշյանի բացառիկ տաղանդի մասին, ասել է , որ այս ռեժիսորին հաջողվում է կյանքի իմաստը փոխանցել էկրանային ընդամենի մի քանի րոպեների ընթացքում, իսկ դիտարկումը, որ բեմադրիչն անում է իր աշխատանքներում (վերջին ֆիլմը` «Ավարտը», թվագրվում է արդեն հեռավոր 1992 թվականով) ընդմիշտ կմնա կինոմատոգրաֆի պատմության մեջ։ Մարեկ Գովորկան նաև նշել է. «Այս ռեժիսորին հաջողվում է նոր գաղափարներ և ներուժ հաղոդրել և կյանքի կոչել թեկուզև մի քանի վայրկայնում»:
Չեխիայում անցկացված փառատոնում (հոկտեմբերի 27-նոյեմբերի 1) ներկայացվել է շուրջ 250 ֆիլմ, ներառյալ` 58 համաշխարհային, 9 միջազգային և 11 եվրոպական պրեմիերաներ: