Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբիշ Արսեն ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ:
- Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:
- Ավելի շատ լսում եմ զայրացնող, քան զվարճացնող ասեկոսեներ, ցավոք սրտի: Չեմ ուզում նշել կոնկրետ մեկը, որովհետև դրանք չեն համապատասխանում իրականությանը և եթե ես դրանց մասին խոսեմ, կստացվի, որ բարձրաձայնում եմ սուտը: Իսկ զվարճալի մի դեպք վերջերս եղավ: Ինձ հարազատ մի մարդ զանգել էր մեր տուն և մայրիկիցս հարցրել էր, թե Արսենը ինչպես է, մայրս էլ ասել էր լավ է, գնացել է հեծանիվ քշելու: Հարցնողը շատ էր զարմացել, քանի որ ես նրան ասել էի, որ Գերմանիայում ոտքի վնասվածքով պառկած եմ հիվանդանոցում:
- Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:
- 8-9 տարեկանում վախենում էի, որ շատ դժվար է լինելու իրականացնել այն գործերը, որոնք նախապես որոշել էի անել, միայն մտածում էի հանկարծ չսխալվեմ: Իսկ ավելի փոքր տարիքում վախենում էի մթից, որովհետև մի անգամ շատ ուժեղ ինձ վախեցրել էին մթության մեջ:
- Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:
- Միգուցե շատ լուրջ եմ վերաբերվում ամեն ինչին, բայց նույնիսկ բնավորությանս այդ գիծը ինձ դուր է գալիս` ձգտում դեպի իդեալականը: Ուստի, ոչ մի բան չէի նվիրի իմ մրցակցին:
- Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենց գոհացնի:
- Ամեն ինչ ասվածը կարծում եմ անչափ մեծ հասկացություն է, ուստի` դժվար թե շատ լինեն մարդիկ, ովքեր պատրաստ լինեն վաճառել ամեն ինչ, հատկապես` նորմալ մարդիկ: Երբեք և ոչ մի գնով, օրինակ, չես վաճառի ընտանիքդ: Իսկ եթե հարցը վերաբերում է առարկաներին, ապա` միանշանակ չպետք է կապվել դրանց հետ և եթե կա լավ գին` ուրեմն վաճառի:
-Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:
- Մեկ անձի չեմ կարող առանձնացնել, ամբողջ ընտանիքիս:
- Եթե կարողանայիք ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ հիշողություն, ո՞րը դա կլիներ:
- Չեմ կարող բարձրաձայնել այդ հիշողության մասին, շատ անձնական է:
- Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր չէր Ձեր հիշողությունից:
- Ոչ մի դրական հիշողություն, որ ունեմ գիտակից տարիքում`չի ջնջվում իմ մտքից: Ավելի վառ կցանկանայի հիշել, երևի թե, մինչ դպրոցական տարիքս:
- Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:
- Կյանքս չեմ պատկերացնում առանց ընտանիքիս:
-Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:
- Եթե Հին Հռոմի ծաղկուն շրջանում ծնված լինեի, ապա` սենատոր, իսկ հաջորդ կյանքերում էքստրեմալ սպորտով կուզեի զբաղվել, իհարկե, պրոֆեսիոնալ:
- Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:
- Քանի որ, արդեն ասացի ձգտում եմ իդեալականին, կարծում եմ` առանց աշխատասիրության և ընդունակության հնարավոր չէ հասնել լավագույն արդյունքի: Ուստի` երկուսն էլ կարևորում եմ: Կախված նրանից, թե ում մոտ որն է ավելի զարգացած, պետք է դրա վրա էլ հիմնականում շեշտը դնել` զարգացնելով մյուսը:
-Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:
- Արա այն ինչ պետք է` կլինի այն ինչ պետք է լինի:
- Ի՞նչ է Ձեզ համար փողը:
- Փողը միջոց է, առանց որի չես կարող կյանքն ապրել կատարյալ ձևով: Կարող ես ապրել, բայց ոչ այնպես` ինչպես ուզում և ձգտում ես:
- Եթե ռեփեր լինեք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:
- Իհարկե, մեր իրականության բացասական կողմերի և անարդարության մասին:
Հեղինակ` Գոհար ՓԻԼԻՊՈՍՅԱՆ