▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «Թշնամուս կնվիրեի ՇՈՒՏ ԲՌՆԿՎԵԼՈՒՍ ՀԱԿՈՒՄԸ»


Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

 Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

- Եթե զայրացերել է` ուրեմն այդ մասին չեմ ուզենա խոսել: Զայրացնում է զրպարտանքը, իսկ սեփական հասցեին զրպարտանքը կրկնելը անխոհեմություն է: Եթե զվարճացրել է` ուրեմն այնքան անհեթեթ է եղել, որ այդ մասին խոսելը նույնպես անխոհեմություն է:

Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:

- Մանկության վախերը չեմ հիշում: Հասուն տարիքի վախերս ինձ լավ հայտնի են, բայց չեմ թվարկի դրանք: Վախը թուլության արտահայտություն է: Իմ առանձին թուլությունները ի ցույց դնելու իմաստը չեմ հասկանում:

- Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:

-Շուտ բռնկվելու հակումը: Նաև` արտաքին խստությունը, որ կարող է և ագրեսիայի հետ շփոթվել: Բավական առաջընթաց եմ արձանագրել այդ հատկությունների ճնշման գործում: Այնպես որ` ինչ մնացել է, կարող է ինձ էլ օգտակար լինել:

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենց գոհացնի:

- Դա միտք չէ, այլ` փաստ: Փաստերին վերաբերվում եմ այնպես` ինչպես պետք է վերաբերվել մի բանի, որ փաստ է. ընդունում եմ դրա առկայությունը և փորձում հարմարվել այդ երևույթի գոյության հետ:

- Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:

- Ընտանիքիս անդամները:

- Եթե կարողանայիք Ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ հիշողություն, ո՞րը դա կլիներ:

- Եթե ցանկանամ անվերադարձ ջնջել, ապա ինչու՞ պետք է հիմա անվերադարձ բարձրաձայնեմ դա: Վատ հուշեր և զգացողություններ անշուշտ ունեմ, բայց նման ծանրագույն հիշողություն` թերևս չկա: Ամոթալի պահեր, որ կուզենայի ջնջել` ընդհանրապես չկան և հուսամ` չեմ լինի:

- Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր Ձեր հիշողությունից:

- Ոչինչ չէի ցանկանա մոռանալ:

- Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:

- Մայրս, քույրս և էլի մեկը:

- Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:

- Ես քրիստոնյա եմ, իսկ քրիստոնեությունը ռեինկարնացիան չի ընդունում: Եթե բուդդիստ լինեի` կասեի կատու, քար, ծառ և այլն: Դրանք են մոդայիկ և թերևս ամենաիմաստուն պատասխանները: Բայց այնուամենայնիվ, եթե հնարավորություն ունենայի ևս մեկ անգամ ծնվելու` թերևս կուզենայի առավել անհոգ կյանք ունենալ: Եվ` ճանապարհորդել, ճանապարհորդել, ճանապարհորդել:

-  Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:

- Երկուսը միասին: Մեկն առանց մյուսի` արժեք չունի: Թեև աշխատասիրությանն է պատկանում առաջնությունը: Անտաղանդ աշխատասերներն, այնուամենայնիվ շատ հաճախ շատ հաջողակ են լինում: Տաղանդավոր ծույլերը` գրեթե երբեք:

- Կա՞ մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:

- Ո'չ: Դոգմատիկ մարդիկ վտանգավոր են, դոգմաներով ապրելը` սարսափելի: Կարևորը սկզբունքներն են:

- Ի՞նչ է Ձեզ համար փողը:

- Այն` ինչ բոլոր նորմալ մարդկանց համար. վճարման միջոց: Իսկ եթե ավելի պակաս պարզ` անկախության և արժանապատվության երաշխիք և բարեկեցության գրավական: Երաշխիքներն ու գրավականները, սակայն, ինձ համար կուռք չեն կարող լինել:

- Եթե ռեփեր լինեք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:

- Բողոքել կարելի է և առանց ռեփի: Ընդհանրապես զարմանում եմ թե ինչից են բողոքում ռեփերները: Միացյալ նահանգներում դրանք ամենահարուստ խավի մաս են կազմում, Հայաստանում` կարծեմ էլի վատ չեն վճարվում կասկածելի «մշակույթ» քարոզելու համար: Ես ձայն ունեմ և խոսք, և բողոքս առանց ռիթմով ուղեկցվող թոթովախոսությունների էլ կարող եմ արտահայտել: Եվ հիմա էլ բողոքում եմ: Բողոքում եմ արժեքների այլասերվածությունից, ներքին կուլտուրայի բացակայությունից, ազգային և պետական մտածողության դեֆիցիտից, անհեռատեսությունից, ծայրահեղ եսակենտրոնության աճից և այլ շատ ու շատ արատներից:

 Հեղինակ` ԱՆԻ ԲԵՔԻՐՅԱՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին