▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը բացահայտեց իր իշխանության բանալիները.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս շաբաթավերջին խորհրդարանը վստահաբար կընտրի Հայաստանի չորրորդ նախագահին, իսկ Արմեն Սարգսյանն այդ իրադարձությունից առաջ, ըստ էության, ծրագրային հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Ըստ երևույթին, նախագահի թեկնածուի պաշտոնական կարգավիճակն ավելի օֆիցիոզ է դարձրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի խոսքը, և նա հարցազրույցի հենց մեկնարկում խմբագրել է իր նախկին ելույթներից մեկը` ասելով, թե Չորրորդ հանրապետության մասին խոսել է ալեգորիկ ձևով և, որ ինքը հավակնում է Երրորդ հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնին: Ծավալուն հարցազրույցում կան ուշագրավ դրվագներ, բազմաշերտ ակնարկներ, սակայն հատկապես կարևորում ենք այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանն, ըստ էության, բացահայտել է նոր նախագահի կերպարի քաղաքական բովանդակությունը, իսկ ավելի ստույգ` իր ապագա իշխանության երկու հիմնական բանալիները:

«Բնական է, որ վարչական մեծ ուժը կենտրոնանալու է կառավարությունում, սակայն կա նաև այլ ձև ղեկավարելու, որի համար պարզ բառ կարող եմ օգտագործել՝ «առաջնորդել»։ Առաջնորդել կարող ես գաղափարով, տեսլականով, սեփական օրինակով, քո կարծիքով և վերաբերմունքով, նաև օգտագործելով այն լծակները, որոնք Սահմանադրության մեջ են և տրված են նախագահին, որոնք բազմաթիվ են: Նախագահը կարող է չհամաձայնել այս կամ այն համաձայնագրի հետ, ստորագրել այն, թե ոչ՝ դրանով համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով»,- «Ազատության» եթերում ասել է Արմեն Սարգսյանը:

Նա փաստորեն հասկացրել, որ մտադիր է սահմանել, բանաձևել նոր իշխանության գործունեության բարոյա-քաղաքական նշաձողը, կատարել, այսպես կոչված, արբիտրի դեր: Գուցե Արմեն Սարգսյանի խոսքերը գեղեցիկ ձևակերպումներ հնչեին, եթե չլինեին շատ կարևոր, էական հանգամանքներ: Առաջինը` իշխանության նկատմամբ հասարակության տոտալ անվստահությունն է և այս համատեքստում համակարգի հետ չնույնացող նախագահը կարող է հանրային որոշակի սպասումներ ծնել և դրանք կապիտալիզացնել` վերածելով ազդեցության իշխանության ներսում:

Արմեն Սարգսյանին գոնե պաշտոնավարման առաջին շրջանում օբյեկտիվորեն անհրաժեշտ է հասարակության սուբյեկտության մեծացումը, ինչի մասին երեկ թափանցիկ ակնարկել է նախագահի թեկնածուն: Նա խոստովանում է, որ կառավարման նոր համակարգում որոշումների կայացման գործընթացում փոքր է նախագահի ազդեցությունը, բայց նաև հավելում է, որ հանրությունը սխալ է փնտրելու բոլոր այն որոշումներում, որոնք կայացվել են ի հեճուկս նախագահի ցանկության: Իհարկե, հեռու ենք այն պարզունակ մտայնությությունից, թե Արմեն Սարգսյանը հասարակության հնարավոր աջակցությունն օգտագործելու է` երկրում արմատական փոփոխություններ նախաձեռնելու համար: Երեկվա հարցազրույցի մի քանի դրվագով նախագահի թեկնածուն բացահայտեց իր համակարգային հավատարմությունն` անգամ դիվանագիտական հաղթանակ որակելով Հայաստանի եվրասիական ընտրությունը:

Այս համատեքստում ավելի շատ հակված ենք ենթադրել, որ Սերժ Սարգսյանը, գոնե կարճաժամկետ հեռանկարում, խրախուսելու է նոր նախագահի պոպուլյարությունը` այդ գործոնը համակարգային նոր ֆիլտրվումներին, վերադասավորումներին ծառայեցնելու նպատակով: Արմեն Սարգսյանը երեկ հստակ հասկացրեց նաև, որ ամբողջովին հասկացել է Հայաստանի իշխանության հիմքաստեղծ փիլիսոփայությունը, իշխանությունում «բաժնեմաս» ունենալու գինը` նա լինելու է ԼՂ կարգավորման գործընթացի ակտիվ մասնակից:

Չորրորդ նախագահի թեկնածուն անգամ չբացառեց այն տարբերակը, որ կարող է լինել Հայաստանի առաջին բանակցող` կախված որոշակի հանգամանքներից: Արցախյան «փաթեթը» ամենակարևոր գործոնն է, որ իշխանության որևէ գործչի տալիս է հայաստանյան համակարգի «պոլիտբյուրոյում» հայտնվելու ուղեգիր: Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին տվել է իրական իշխանությանը ինտեգրվելու բանալին: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ հետապրիլյան իշխանությունն ունենալու է ազդեցության ևս մեկ կենտրոն` Արմեն Սարգսյանի դեմքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին