▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգամ Աբրահամյանն Արտաշատի բյուջեից գումարներ է բաժանում ենթականերին․«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզկենտրոն Արտաշատ համայնքի ղեկավար Արգամ Աբրահամյանը` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, անհատույց դրամական օգնություն է բաժանում Արտաշատի բնակիչներին: Այսինքն՝ համայնքի բյուջեից է վճարում այս գումարը, իսկ թե ինչ սկզբունքով, անհայտ է:

Մինչ շարքային քաղաքացիներին անցնելը ներկայացնենք Արգամ Աբրահամյանի՝ քաղաքապետարանի աշխատակիցներին պարգեւատրելու որոշումը: Դեկտեմբերի 16-ին քաղաքապետը տոներին ընդառաջ իր աշխատակիցներին պարգեւատրել է կլորիկ գումարով: Պարգեւատրման համար քաղաքապետարանի 2016 թվականի բյուջեից տրամադրել է 7 միլիոն 364 հազար դրամ գումար, որը բաժանվել է 67 աշխատակցի: Պարգեւատրվածների մեջ է նաեւ Արգամ Աբրահամյանի տեղակալ Գագիկ Պողոսյանը, որը երեկ լքեց ՀՀԿ-ն: Նա ստացել է 190 հազար դրամ պարգեւ: Նույն չափով է պարգեւատրվել նաեւ Արգամ Աբրահամյանի մյուս տեղակալը՝ Իսահակ Գրիգորյանը: Բարեբախտաբար, Արգամ Աբրահամյանն այս որոշմամբ ինքն իրեն չի պարգեւատրել:

2017 թվականի հունվարի 26-ին, սակայն նա կայացրել է նաեւ «N11-Ա» որոշումը, որով 395 հազար դրամ է տրամադրել թվով 20 քաղաքացու: Հատկացված գումարները բաշխվել են 20 բնակչից յուրաքանչյուրին, հիմնականում 20 հազար դրամի չափով, սակայն մի քանիսին 40 հազար դրամ է հատկացվել, որոշներին էլ՝ 10 հազարական: Այս որոշման հիմք է համարվել բնակիչների դիմումը, սակայն դիմումի բովանդակությունը որոշման մեջ մանրամասներ չի ներկայացվում:

Արգամ Աբրահամյանի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հատկացվել է 258 հազար դրամ մի խումբ արտաշատցիների: Դեկտեմբերի 22-ի նմանատիպ որոշմամբ էլ Արտաշատ համայնքի բյուջեից 230 հազար դրամ է հատկացվել կրկին նույն նպատակի համար՝ «Արտաշատ համայնքի մի խումբ բնակիչների անհատույց դրամական միջոց հատկացնելու համար»: Այս անգամ գումար է հատկացվել թվով 17 քաղաքացու:

Դեկտեմբերի 20-ի որոշմամբ՝ Արգամ Աբրահամյանը 350 հազար դրամ է հատկացրել մի խումբ արտաշատցիների: Համայնքային միջոցներն այս անգամ բաշխվել է 24 հոգու միջեւ: 360 հազար դրամ բաժանվել է դեկտեմբերի 9-ի որոշմամբ: Այս անգամ 20 հոգի է անհատույց դրամական օգնություն ստացել՝ սեփական դիմումի համաձայն: 310 հազար դրամ Արգամ Աբրահամյանը հատկացրել է դեկտեմբերի 6-ի որոշմամբ:

Արգամ Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից առաջ, իր իսկ համայնքի բնակիչներին փոքրիկ նվերներ է անում գումարի տեսքով, որն իր անձնական միջոցները չեն:

Հիշեցնենք, որ նման գործընթաց տեղի ունեցավ Կոտայքի մարզկենտրոն Հրազդան համայնքում 2016 թվականի ապրիլին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններից առաջ: Գործող քաղաքապետ Արամ Դանիելյանն ապրիլի ընտրությունների արդյունքնում վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում:

Արգամ Աբրահամյանի դեպքը մի փոքր այլ է: Մամուլում գրվել է արդեն, որ Հովիկ Աբրահամյանի տղան ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում առաջադրվելով որպես պատգամավորի թեկնածու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին