▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք Առաջին նախագահն անկեղծ էր

Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) հիմնադիր համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը բավականին մեծ իրարանցում առաջացրեց առանձնապես հետաքրքիր իրադարձություններով աչքի չընկնող, հայաստանյան ներքաղաքական կյանքում:
Առաջին նախագահի ելույթը մեկնաբանությունների և վերլուծությունների համար բավականին լայն դաշտ ապահովեց, սակայն վերոնշյալ նյութում կփորձենք անդրադառնալ ելույթի երկու կարևոր դրվագների:
«Մեկ անգամ և ընդմիշտ թող բոլորը հասկանան, մենք քաղաքական կուսակցություն ենք, քաղաքական ուժ ենք, և մենք միանում, աջակցում, սատարում ենք բացառապես քաղաքական պրոցեսներին: Մենք ետընտրական շրջանի այս իրադարձություններում տեսանք ամեն ինչ, բացի քաղաքական պրոցեսից: Քաղաքական պրոցես ասելով ես նկատի ունեմ հիմնականում ընտրությունները, իմացեք՝ ուրիշ պրոցես չկա, ընտրություն է»: 
Դժվար է չհամաձայնել Տեր-Պետրոսյանի այն ձևակերպմանը, թե քաղաքական ուժերը, որպես կանոն, իրենց ներգրավվածությունն են բերում բացառապես քաղաքական պրոցեսներին: Միաժամանակ պետք է փաստել, որ իսկապես, այն, ինչ հետընտրական փուլում նկատվում էր Ազատության հրապարակում, շատ ժամանակ դուրս էր քաղաքական հարթությունից (օրինակ՝ հացադուլը):
Մյուս կողմից տարօրինակ է, երբ ընդդիմադիր գործիչը հպարտորեն հայտարարում է, որ իրենք որպես քաղաքական ուժ «աջակցում, սատարում են միայն քաղաքական պրոցեսներին» այն դեպքում, երբ 2 ամիս առաջ, համապետական նշանակության կարևորագույն իրադարձությանը՝ ընտրություններին, Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական թիմը ոչ միայն սեփական թեկնածուն չառաջադրեցին, այլ առհասարակ որևէ ուժի աջակցություն չհայտնեցին: Ր. Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում գոնե ոչ միայն ակտիվ ներգրավվածություն ապահովեց, այլև ընտրական ցիկլում «փրկեց» բողոքական զանգվածի ձայնը փոշիացումից: Այլ հարց է, թե արդյոք այդ ձայները կապիտալիզացիայի կենթարկվե՞ն, թե՞ ոչ:
Երկրորդ դրվագ. չնայած այն հանգամանքին, որ Տեր-Պետրոսյանն իր ելույթում արտաքնապես «շոյեց ԲՀԿ-ի գլուխը», այնուամենայնիվ, այսբերգի չերևացող մասում հարվածներ ուղղեց նաև այդ ուժին:
«Փաստենք, որ մենք միակ քաղաքական ուժն ենք, որ հստակ արտահայտվել ենք, որ հաղթողը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը»: Ճիշտ է ԲՀԿ-ն հրապարակայնորեն չշնորհավորեց Սերժ Սարգսյանին, սակայն նրա որոշ առանցքային անդամներն իրենց հարցազրույցներում հայտարարեցին, որ որպես նախագահ ճանաչում են Սերժ Սարգսյանին (Գուրգեն Արսենյան), իսկ ԲՀԿ խմբակցության զգալի մասը մասնակցեցին ԱԺ հատուկ նիստին, որի ժամանակ էլ տեղի ունեցավ երդումնակալության արարողությունը: Դժվար է կարծել, որ առանց Գագիկ Ծառուկյանի համաձայնության, նրա թիմակիցները կմասնակցեին նման կարևոր արարողությանը կամ նման դիրքորոշում կարտահայտեին: Առաջին նախագահը, հայտարարելով այն մասին, թե միայն իրենք են հստակ արտահայտվել նախագահական ընտրությունների արդյունքի մասին, առաջին հերթին ակնարկում էր ԲՀԿ-ի ու նոր միայն մնացած քաղաքական ուժերի դիրքորոշումների հստակության մասին:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին