▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի նախագահը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված Նախագահ Դոնալդ Թրամփին:

Ուղերձում ասված է.

« Մեծարգո՛ պարոն Թրամփ,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ Նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Արցախում ԱՄՆ-ն համարում են բարեկամ երկիր, պետություն, որտեղ ապրում է հայկական ամենամեծ համայնքներից մեկը:

Արդեն քառորդ դար է, ինչ մեր ժողովուրդը պայքարում է իր ազատության եւ անկախության համար, կառուցելով ժողովրդավարական ու ինքնիշխան պետություն եւ քաղաքացիական հասարակություն, արժեքներ, որոնք նաեւ ամերիկացիների համար հանդիսանում են հիմնարար ու սկզբունքային:

Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, մեծ դերակատարություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման գործում: Վստահ եմ, որ Ձեր նախագահության օրոք Ամերիկան կշարունակի իր այս կարեւոր առաքելությունը` այսուհետ եւս նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ու ամրապնդմանը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, հաջողություններ ու ամենայն բարիք»:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին