▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ թիվ մեկ առաջնահերթությունը

Արցախի անկախության միջազգային ճանաչման կամ/և Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորման հիմնախնդիրը շարունակում է մնալ հայկական ազգային քաղաքական օրակարգի թիվ մեկ առաջնահերթությունը:

1988 թվականից ի վեր պաշտոնական Երևանը, Բաքուն և Ստեփանակերտն այդ հարցի լուծումը այս կամ այն կերպ կանխորոշող հակընդդեմ քաղաքական փաստարկների, հասկացությունների և եզրույթների՝ վարվող բանակցությունների շրջանակներում գործնականում կիրառվող համակարգեր են ստեղծել:

Փախստականների ու ներքին տեղաշարժի ենթարկված անձանց հարցն այդ համակարգերում շատ որոշակի ու կարևոր դերակատարում ունի հակամարտ կողմերի մոտեցումների էությունն ու ազգային շահերին դրանց համապատասխանությունը բացահայտելու տեսանկյունից: Պաշտոնական Բաքվի համար ներքին տեղաշարժի ենթարկված ադրբեջանցիների՝ իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու խնդիրն այն փաստարկն է շարունակում մնալ, որի միջոցով հիմնավորվում է՝

1. նախկին Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները՝ ներկայիս ԼՂՀ ողջ տարածքը ներառյալ, Բաքվի վերահսկողության տակ վերադարձնելու անհրաժեշտությունը,

2. բոլոր հայկական զինված ուժերը նշված տարածքներից դուրս բերելու հրամայական անհրաժեշտությունը,

3. Հայաստանն ագրեսոր պետություն ճանաչելու անհրաժեշտությունը,

4. պատերազմի արդյունքում Արցախի ներկայիս ու հարակից տարածքները լքած քաղաքացիական բնակչությանը, արտադրական և հաղորդակցության ենթակառուցվածքներին հասցված վնասների փոխհատուցումը Հայաստանի Հանրապետությունից պահանջելու իրավաչափությունը,

5. ներքին տեղաշարժի ենթարկված ադրբեջանցիների վրանային ճամբարներում գտնվելու փաստի հիման վրա միջազգային կառույցներից ֆինանսական աջակցություն ստանալու հավակնությունների բավարարման անհրաժեշտությունը,

6. հարցը՝ ոչ թե արցախահայության ինքնորոշման, այլ` Ադրբեջանի հանդեպ Հայաստանի զինված ագրեսիայի համատեքստում դիտարկելու անհրաժեշտությունը և, այդ նույն հիմնավորմամբ, պաշտոնական Ստեփանակերտը՝ բանակցային գործընթացից դուրս թողնելու պարտադիր նախապայմանը,

7. ադրբեջանցի բոլոր ներքին տեղաշարժի ենթարկված անձանց՝ իրենց նախկին բնակության վայրերը վերադարձնելու անհրաժեշտությունը:

Ըստ էության, ադրբեջանական կողմի վերը բերված բոլոր պահանջների հիմքում այս կամ այն չափով դրված է Հայաստանի կողմից ադրբեջանցի ներքին տեղաշարժի ենթարկված անձանց (պաշտոնական Բաքուն այդ մարդկանց համառորեն փախստական է անվանում և շեշտում, որ նրանց ընդհանուր թվաքանակն անցնում է մեկ միլիոնից, թեև հազիվ հասնում է 450.000) իրավունքների ոտնահարման փաստի արձանագրումը: Ներկայացված ադրբեջանական բանակցային դրույթներն իրենց լիարժեք արտացոլումն են գտել Մինսկի խմբի կողմից շրջանառության մեջ դրված «Մադրիդյան սկզբունքներում»: Հայաստանի բանակցային դրույթներում ավելի քան կես միլիոն ադրբեջանահայ փախստականների համար տեղ չի գտնվել: Պաշտոնական Երևանը համաձայն է ընդունել ադրբեջանական կողմի պնդումների իրավացիությունն այն պայմանով, որ Բաքուն նախ պետք է ճանաչի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշվելու իրավունքը նախկին ԼՂԻՄ+Լաչինի միջանցք սահմաններում: Եթե Բաքուն համաձայնի ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, ապա պաշտոնական

Երևանը պատրաստ է`

1. ադրբեջանական հսկողության տակ վերադարձնել ներկայումս Արցախի սահմանադրական տարածքը հանդիսացող, սակայն վերջինիս՝ «նոր» ինքնորոշման սահմաններից դուրս գտնվող շրջանները,

2. դուրս բերել հայկական զինված ուժերը նշված շրջաններից,

3. համաձայնել պատերազմական գործողությունների ընթացքում ներքին տեղաշարժի ենթարկված բոլոր ադրբեջանցիների՝ իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու ծրագրի իրականացմանը:

Բանակցային գործընթացում ձևավորված այս անհեթեթ, իրականությանը լիովեն անհամարժեք պատկերը նաև ամրագրվեց անցյալ տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով, ըստ որի Հայաստանը պատասխանատու ճանաչվեց Արցախի ներկայիս տարածքում ապրած քուրդ հայցվորների գործով: Այդ վճիռը հայկական իշխող վերնախավի քաղաքական ու իրավական մոտեցումների կատարյալ տապալման հավաստումը դարձավ, քանի որ անուղղակիորեն հաստատեց Հայաստանի ագրեսոր-պետություն լինելու վերաբերյալ ադրբեջանական հիմնական բանակցային փաստարկ-թեզը: Այս ամենը հնարավոր կլիներ կանխել հենց միայն ադրբեջանահայ փախստականների խնդիրը բանակցային օրակարգ մտցնելու վերաբերյալ խելամիտ ու հիմնավոր կերպով փաստարկված պահանջի միջոցով: Ցավոք, հայաստանյան իշխանական շրջանակները ադրբեջանահայ փախստականների գործոնը փորձում են օգտագործել բացառապես հակամարտության կարգավորման իրենց կողմից որդեգրած անարդյունավետ և, շատ դեպքերում, պարզապես վնասաբեր մարտավարության տրամաբանության շրջանակներում:

Այդ տրամաբանությունն էլ պահանջում է, որպեսզի ամեն տարի՝ հունվարին և փետրվարին, պետական բարձր հովանու ներքո կազմակերպվեն համապատասխանաբար՝ Բաքվի ու Սումգայիթի կոտորածների ականատես դարձած մեր դժբախտ հայրենակիցների պատուհասած աղետին նվիրված վերհուշ-ասուլիսներ, այդ դաժան իրադարձությունների մասին պատմող նորանոր փաստագրական ֆիլմերի շնորհանդեսներ և նմանատիպ այլ միջոցառումներ: Եվ այդ ողջ կարճատև ու ստորացուցիչ սեզոնային եռուզեռը կազմակերպվում է բացառապես մեկ նպատակով՝ այդ միջոցով ՀՀ իշխանական համակարգը ճգնում է միջազգային հանրությանը համոզել, որ Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում, քանի որ այդ երկրում հայերին բնաջնջում են: Ոչ մի խոսք ադրբեջանահայերի իրավունքների ու շահերի պաշտպանության մասին՝ Հայաստանի իշխանությունները կարծում են, որ թվաքանակով առնվազն եռակի անգամ ԼՂՀ բանկչությանը գերազանցող հայ փախստականների քաղաքական և իրավական պաշտպանության գործը հակասում է Արցախի միջազգային ճանաչման գործընթացին: Ավելին, ՀՀ իշխանություններն իրենց կաշվից դուրս են գալիս միջազգային կառույցներին՝ Հայաստանում ադրբեջանահայ փախստականների խնդիրը փակված լինելու մասին օր առաջ զեկուցելու համար: Սա հարցի կեղծ ու անչափ վնասակար ընկալում է: Բարեբախտաբար վիճակը շտկելու հնարավորությունները դեռ անդառնալիորեն կորսված չեն:

«Փախստականները և միջազգային իրավունքը»
Քաղաքացիական հասարակության ցանց

Արման Մելիքյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին