ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ պատերազմ հրահրողը կիսագրագետ և մարզված սրիկա, կիսախելագար Էրդողանն էր.
«Սիրիայում կրած անհաջողությունից հետո նա պետք է իրեն ինչ-որ մի կերպ արդարացներ ժողովրդի աչքի առջև: Դեռևս 1974 թվականին թուրքերը տմարդի մտան Կիպրոս ու մինչ օրս այն դե ֆակտո բաժանված է 4 հատվածի: Ոչ մի գերտերություն սանկցիա չկիրառեց ու չասացին՝ այդտեղ ի՞նչ գործ ունեք, մի հատ մաքրվեք»,-ասաց ԱԱԾ նախկին փոխնախարարը:
Իսկ, ահա ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով էլ՝ այս պատերազմը հրահրել են շահագրգիռ ռուս-թուրքական ուժերը.
«Եթե որևէ մեկն ապացուցի, որ այն զենքը, որն օգտագործում է Ադրբեջանը, պապուասների զենքն էր ու զինել էին, որ Ադրբեջանը մարզանք աներ, ես ներողություն կխնդրեմ: Պատերազմը հրահրել են նրանք, ովքեր զինել ու զինվել են: Ռուս-թուրքական ավանտյուրա էր, որը ջախջախվեց: Արցախը մեզանից խլելու հերթական փորձն էր, որը չստացվեց: Փա՛ռք մեր բանակին, մեր ժողովրդին: Մենք հաղթել ենք»,-նշեց ԳԽ նախկին պատգամավորը:
Ազատ Արշակյանի այն միտքը, թե սա ռուս-թուրքական ավանտյուրա է, զայրացրեց Գուրգեն Եղիազարյանին.
«Մի հատ Ռուսաստանից ձեռք քաշեք: Դուք ցանկանում եք, որ թուրքը նե՞րս մտնի»,-զայրացած հարցրեց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3 ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 29 կորուստ ունի, 28 զինծառայող անհայտ կորած է, 101 մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1 ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5ին՝ ժամը 12:00ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում երկկողմ համաձայնությամբ դադարեցվել է կրակը:
Անի Կարապետյան