▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արձակուրդից հետո մարդկանց ուղեղները բեռնաթափված կլինեն հայկական ռաբիսությունից. Վրեժ Կիրակոսյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը զրուցել է «X-Factor» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանի հետ:

Վրեժ, չորս տարի առաջ, երբ հաղթեցիք «X–Factor» նախագծում, մրցանակը պետք է լիներ «Sony music» ընկերության կողմից 2 սինգլների ձայնագրություն և մեկ տեսահոլովակ, բայց կարծես շատ երկար ձգձգվեց մրցանակների իրականացման ընթացքը: Ինչո՞ւ, մի՞թե աշխարհահռչակ հայտնի ընկերությունը անպատասխանատու գործելաոճ ցուցաբերեց:

«Sony music» ընկերությունը բավականին լուրջ ընկերություն է և շատ կարևոր գործերով է զբաղվում, բացի այդ՝ այս ընկերությունը յուրաքանչյուր աշխատանքին վերաբերվում է մեծ պատասխանատվությամբ և մանրակրկտորեն: Ժամանակային առումով մի փոքր ձգձգվեց, քանի որ սկզբում որոշված էր, որ բոլոր աշխատանքները կկայանան Լոնդոնում, բայց հետո համապատասխան վայր ընտրվեց Մոսկվան, որտեղ էլ բոլոր աշխատանքները տարվեցին: Պետք է ասեմ, որ շատ բծախնդրորեն մեկ տարվա ընթացքում ընտրվեց երգը՝ Ռոսինիի «Տարանտելա» ստեղծագործությունը, հետո ստացա երգը կատարելու հեղինակային իրավունքը, այնուհետև ձայանագրվեցի, որի հիման վրա արդեն նաև խոստացված տեսահոլովակը նկարահանվեց: Այն արդեն ամբողջությամբ պատրաստ իմ ձեռքում է, և արդեն ես պետք է որոշեմ, թե երբ այն հանձնեմ հեռուստադիտողի դատին: Ես էլ, ըստ նախնական պլանների, որոշել եմ սեպտեմբերին այն ներկայացնել: Ի դեպ, պետք է նշեմ, որ երբ ես ներկայացնեմ տեսահոլովակը, իրենք միաժամանակ կտեղադրեն իրենց պաշտոնական կայքում, նաև այն կհեռարձակվի բոլոր այն հեռուստաընկերությունների կողմից, ովքեր համագործակցում են «Sony music» ընկերության հետ, ինչը ինձ համար իսկապես մեծ պատիվ կլինի:

Վրեժ, այսքան երկար եք սպասել այս տեսահոլովակին, ինչո՞ւ եք որոշել էլի սպասել և միայն աշնանը ներկայացնել:

Քանի որ մարդիկ կմեկնեն հանգստի, վերադառնալուց հետո նրանց ուղեղները բեռնաթափված կլինեն հայկական ռաբիսությունից և պատրաստ կլինեն դասական երաժշտություն լսելուն: Ի դեպ, տեսահոլովակում ժամանակակիցն ու դասականը միաձուլված են թե գործիքավորման, թե սցենարի մեջ, որտեղ ասես մրցում են այս երկու բևեռները, բայց կարծես թե հաղթում է դասականը:

Վրեժ, քչերին է հնարավորություն ընձեռնվում աշխատել «Sony music» ընկերության նման խոշոր կազմակերպության հետ: Բացի սինգլներից և տեսահոլովակից, ի՞նչ տվեց Ձեզ այս համագործակցությունը:

Երբ սկսում ես իրենց հետ աշխատել, սկսում ես հասկանալ ինչ է նշանակում «արտիստ» բառի իմաստը: Այն փոխհարաբերությունները, որոնք ձևավորվում են իրենց հետ աշխատանքում, շատ կարևոր է: Նրանք չեն դնում քեզ ինչ-որ կաղապարի մեջ և պարտադրանքներ ներկայացնում, նրանք հարգում են քո կարծիքը, յուրաքանչյուր հարցում քեզ հետ միասին են փորձում լուծումներ գտնել, ցանկացած հարցի հաստատումն ու պատճառաբանությունը իրենց համար շատ կարևոր է: Այս համագործակցությունը ինձ տվել է ստեղծագործական գործունեություն ծավալելու մեծ փորձ: Թող ամպագոռգոռ չհնչի, բայց ես իսկապես ինձ հպարտ եմ զգում, որ այսօր կարող եմ մտնել «Sony music» ընկերության պաշտոնական կայք-էջ և «V» տառի բաժնում տեսնեմ Վլադիմիր Սպիվակով անվան կողքին նաև Վրեժ Կիրակոսյան անունը:

Հնարավոր է, որ մեկ քայլ առաջ անցնեք և մինչ Հայաստանի շոու բիզնես մտնելը հայտնվեք միանգամից համաշխարհային բեմերում:

Ես չգիտեմ, ինչ առաջարկներ կլինեն հետագայում, դա լոտոյի նման մի բան է, ինչը ժամանակը ցույց կտա: Բայց չեմ ցանկանա, որ մարդիկ մտածեն, թե ես չեմ մտածում իմ երկրում կայանալու մասին, քանի որ ինձ համար առաջնայինը հենց այստեղ՝ իմ հայրենիքում կայանալն է, իմ՝ այստեղի հանդիսատեսի առաջ: Պետք է ասեմ, որ շատ առաջարկներ եմ ունեցել մեկնելու և արտերկրում ապրել ու ստեղծագործելու վերաբերյալ, բայց ես միշտ ասում եմ, որ ես այս երկրում եմ ապրելու, թող 100 հոգի ընդունեն իմ երաժշտությունը, բայց այդ 100-ի համար ես իմ երկրում աշխատեմ:

Վրեժ, նոր տեսահոլովակի թողարկումից հետո հնարավո՞ր է նոր ակտիվությամբ աշխատող Վրեժ Կիրակոսյանի տեսնենք:

Իհարկե: Այս ընթացքում ես անընդհատ փորձում եմ նոր բաներ գտնել ու աշխատել, բայց չգիտեմ ինչու, մի տեսակ չի ստացվում իմ ցանկությանը համապատասխան աշխատել, մշտապես դադարների եմ հանգում: Հիմա աշխատում եմ Գիսանե Պալյանի հետ, տարբեր երգահանների հետ:

Ավելի՞ն եք պահանջում, քան մեր երկրում այս ոլորտն է տալիս:

Չէ, պահանջի խնդիրը չէ, պարզապես ստեղծագործող մարդու համար ստեղծագործական պոռթկում է պետք, իսկ ինձ մոտ դա մի փոքր ուշանում է:

Ի՞նչն է դրան խանգարում:

Ես միշտ ասում եմ, որ ստեղծագործող, արվեստով զբաղվող մարդը այլ գործերով չպետք է զբաղվի, քանի որ այլ աշխատանքով զբաղվելու դեպքում օրգանիզմդ և ուղեղդ սկսում են մտածել ոչ միայն դրա ուղղությամբ:

Վրեժ, արդեն նշանադրված եք, ե՞րբ եք պատրաստվում ամուսնանալ:

Երևի թե ամռանը կամուսնանաք:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին