▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առավոտյան թշնամին մեր դիրքերի վրա հրետանային լայնածավալ կրակ է բացել». Նաիրի Հոխիկյան

Թարմացված․ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ զոհվածները Երկրապահ կամավորականների միության անդամներ են։

Թարմացված․ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ներքին Հանդի ուղղությամբ գիշերը գործողություն են իրականացրել: Նրանք անգամ անուն են դրել այդ սադրանքին՝ «Հատուցում»՝ հավելելով, որ ոչնչացրել են բնակավայրի մոտ գտնվող ՀՀ ԶՈՒ մարտական դիրքը:

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սյունիքի Ներքին Հանդում այս պահին արդեն հանգիստ է։ Կրակոցներ էլ չկան։ Թշնամին մեր դիրքերի վրա հրետանային լայնածավալ կրակ է բացել առավոտյան 5-ից մինչև 7-ը։
Մեր զորքը Ներքին Հանդի դիրքերում կարողացել է պատասխան կրակով լռեցնել թշնամուն։
Ցավոք, այս պահին ունենք 2 զոհ և վիրավորներ։ Թշնամու կորուստների մասին կգրեմ քիչ անց»:

Թարմացված․ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Խաղաղության գինը»
Այսօր լուսադեմին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և դեռ այս պահի նախնական տվյալներով ունենք 2 զոհ և մի քանի վիրավորներ:
Եռաբլուրը հասել է բնակելի շենքերին։
«Խաղաղության» մահաբեր շքերթը շարունկավում է»:

Թարմացված․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանական երեկվա հիստերիան, որը սկսվեց դրանց սահմանային ծառայության այն հաղորդագրությամբ, որ Ներքին Հանդի ուղղությամբ վիրավոր ունեն և շարունակվեց կեղծ դիպուկահարի «հայտնաբերման» տեսանյութով, այսօր ունեցավ ծանր հետևանք:
ՀՀ ՊՆ փոխանցմամբ, հայկական կողմ այդ ուղղությամբ 2 զոհ ունի և վիրավորներ:
Ադրբեջանին չպետք է թույլ տալ ո՛չ քարոզչական, ո՛չ էլ առավել ևս` սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել:
Ժամանակը ցույց է տվել, որ Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք (անհամեմատ մեծ) հարված հասցնելն է, հակառակ դեպքում անպատժելիությունը նոր ագրեսիայի է հանգեցնելու»:

Թարմացված․ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է:
Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:
Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին