«Այսօր դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ ararum.am և նախկին nrnak.com կայքերի խմբագիր Հովհաննես Եսայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով երկամսյա կալանքը»,- այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Եսայանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հովհաննես Եսայանը ձերբակալվել էր՝ 1 մլն դրամ շորթելու կասկածանքով:
«Հուլիսի 17-ին հայտարարություն է տրվել Աստղիկ Շաքարյանի կողմից, որ Հովհաննես Եսայանի կողմից գումար է շորթվել 2013 թվականի հուլիս կամ օգոստոս ամիսներին: Հովհաննեսին հրավիրել են Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին՝ մեկ ամիս առաջ իրեն ծեծի ենթարկելու գործի պատրվակով, իբր նոր հանգամանքներ են ի հայտ եկել առանց պատշաճ ծանուցման ձերբակալել են»,- նշեց փաստաբանը:
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունը կապվում է «Մայամի» հյուրանոցի մասին նկարահանված տեսանյութի հետ: Այն հրապարակվել է նաև nrnak.com կայքում, որն արդեն մի քանի ամիս չի գործում:
Սուսաննա Սարգսյանի խոսքով՝ հայտարարությունը տրվել է հենց հյուրանոցի նախկին վարձակալողի կողից:
Ինչ վերաբերում է հետագա քայլերին, փաստաբանը նշեց, որ փաստաբանական գործողությունները չի կարող հրապարակել, սակայն, անշուշտ, որոշակի քայլեր կձեռնարկվեն:
«Գործի մեջ ինձ համար էլ շատ մութ կետեր կան, որոնց համար պետք է պարզաբանում տան պետական մարմինները»,- նշեց Սուսաննա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Հովհաննես Եսայանը ծեծի էր ենթարկվել, ինչից անմիջապես հետո դիմել էր ոստիկանություն: Սակայն ըստ որոշ աղբյուրների՝ վերջինիս համոզել են դիմումը հետ վերցնել և նա գնացել է այդ քայլին: