Այս տարվա մարտին ստեղծված Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը դադարեցնում է գործունեությունը: Այս մասին Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում տեղեկացրել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Նա հայտնել է, որ Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի 8-րդ տուրի «Ռյազանի» դեմ հանդիպումն ամենայն հավանականությամբ վերջինն է լինելու:
«Մեզ հայտնել են, որ ակումբը փակվում է: Ես պատրաստ եմ բացատրել պատճառները «Ռյազանի» դեմ խաղից հետո: Խնդրում եմ՝ եկեք այդ խաղին: Կարծում եմ, որ ակումբը չի կարող այսքան հեշտությամբ դադարեցնել գործունեությունը, մանավանդ, որ կրում է «Արարատ» անունը: Չեմ ցանկանում, որ այն առանց բացատրությունների դադարի գոյություն ունենալուց: Այդպես չպետք է լինի»,- ասել է նա:
Սա վերջերս ակումբի շուրջ բարձրացած միակ աղմուկը չէ: Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ ակումբի արդեն նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանը հեռանալուց հետո ակումբի հաշվից 20 մլն ռուբլի փոխանցել է իր հաշվին: Հետագայում նա հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ ակումբից չի հեռացել, արտասահմանում է բուժվելու նատակով, ոչ մի գումար էլ չի վերցրել եւ պարտավոր չէ հաշվետվություն տալ իր գործողությունների համար:
Ավելի վաղ մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ փոխնախագահ Անդրանիկ Քերոփյանն ի դեմ ակումբի ղեկավարության նշել էր, որ ակումբը լուրջ նպատակներ ու երկարաժամկետ նախագիծ ունի: Նա նաեւ ընդգծել էր, որ ֆինանսապես իրենք ապահոված են, եւ խոստացել էր, որ Մոսկվայի «Արարատը», ի տարբերություն Վալերի Հովհաննիսյանի մյուս թիմերի՝ Երեւանի «Ուլիսի» եւ Արմավիրի «Տորպեդոյի», կարճ կյանք չի ունենա:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը ստեղծվելուց հետո սկսեց հանդես գալ Ռուսաստանի առաջնության 3-րդ դիվիզիոնի՝ «Մոսկվա» գոտում: Որոշ ժամանակ այց 3-րդ դիվիզիոնում մնաց 2-րդ թիմը, իսկ 1-ին թիմը ելույթները շարունակեց 2-րդ դիվիզիոնում: Այժմ 1-ին թիմը 17 միավորով գլխավորում է 2-րդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակը:
Աղբյուր՝ armtimes.com