Այսօր` դեկտեմբերի 15-ին, Կառավարության հրավիրված ԱԺ արտահերթ նիստի սկզբում քվեարկության դրվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել ապօրինի հարստացումը: Նախագծին կողմ քվեարկեց 85, դեմ 4 եւ ձեռնպահ 7 պատգամավոր:
Մինչև քվեարկությունը Թևան Պողոսյանը խնդրեց վերականգնել պատկերը, պատգամավորը չկա, բայց կանաչ լույս է վառվում, ինչը նշանակում է` նրա փոխարեն քվեարկել են:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ միայն քվեարկությունից հետո կարելի է ստանալ այդ սխեման և հարցը դրեց քվեարկության: Քվեարկությունից հետո պատգամավորը կրկին հանդես եկավ նույն պահանջով: Այդ ժամանակ տեղից ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը (Շմայս) Թևան Պողոսյանին անվանեց «գործ տվող»:
«Արխային, ես ուրախ եմ, եթե իմ ազգի համար կարելի է գործ տվող լինել, ապա ուրեմն այդպես եմ»,- ասաց Թևան Պողոսյանը:
Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ այդ մի կողմ ձայնը քվեարկած նախագծերից կհանեն: