Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է ՀՀ քաղաքացի Ալեքսանդր Պրուտյանին, ով վիճաբանությունից հետո դիտավորյալ վրաերթի է ենթարկել իրեն նկատողություն արած տարեց տղամարդուն: Եվ այժմ BMW-ի վարորդը կալանավորված է, թեև նա խուլ է, դժվարությամբ է խոսում և տառապում է շիզոֆրենիայով: Պրուտյանի հայրը դատարանում հայտարարել է, որ բանտային պայմաններում որդին կարող է մահանալ, քանի որ նա պետք է անընդհատ դեղահաբեր ընդունի: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
32-ամյա ՀՀ քաղաքացի Ալեքսանդր Պրուտյանը կալանքի տակ կլինի մինչև սեպտեմբերի 15-ը: Նա մեղադրվում է առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու մեջ:
Հուլիսի 14-ի աղմկահարույց ՃՏՊ-ի ժամանակ Պրուտյանն իրեն նկատողություն արած վարորդին դիտավորյալ վրաերթի է ենթարկել: Իսկ տեսանյութում հստակ երևում է, թե նա ինչպես է սառնասրտորեն զննում իր ավտոմեքենան՝ պարզելու համար՝ չի վնասվել արդյոք, ուշադրություն չդարձնելով այդ պահին ցավից գալարվող Nissan-ի վարորդ 58-ամյա Վլադիմիր Կորշունովին:
Տեսանյութը մեծ աղմուկ է առաջացրել, այն ավելի քան 2 մլն դիտում ունի:
Երբ միջադեպի մասին հայտնել են լրատվամիջոցները, Պրուտյանի հարազատները հորդորել են ներկայանալ ոստիկանություն: Պարզվել է, սակայն, որ նա խուլ ու համր է և տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Դատարանում հայր և որդի Պրուտյաններն իրենց միանգամայն հանգիստ են դրսևորել: Ամբաստանյալն ամբողջ ժամանակ բացակայող հայացքով նայել է բոլորին և գրեթե չի արձագանքել: Նա անգամ չի հասկացել որտեղ է գտնվում և ինչ է կատարվում: Պրուտյանը չի կարողանում գրել և դժվարությամբ է հասկանում անգամ ծնողներին:
Ինքնասպանության չհաջողված փորձից հետո նրա մոտ շիզոֆրենիա է ախտորրոշվել, ինչից հետո երկու ամիս բուժման կուրս է ստացել հոգեբուժական կլինիկայում:
Պրուտյանի հայրը փորձել է հաբեր փոխանցել որդուն, սակայն չեն թույլատրել:
«Առանց այս դեղահաբերի նա կմահանա, նա պետք է օրվա մեջ երեք հաբ ընդունի»,- ասել է Պրուտյանի հայրը:
Որդու կալանավորման լուրը Պրուտյան ավագը մեծ ցավով է ընդունել:
«Նա այնտեղ կմահանա»,- ասել է հայրը դատարանի որոշումն իմանալուց անմիջապես հետո: