Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանի դեմ նախաքննական մարմինը փորձում է ապօրինի կերպով ապացույցներ ձեռք բերել: Այս մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ստացած մտահոգիչ տեղեկության մասին՝ ասաց Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Նրա փոխանցմամբ՝ մեղադրյալներից մեկին Արա Բուդաղյանի դեմ ցուցմունք տալու դիմաց խոստացել են ազատ արձակել.
«Խոսքը գործով կալանավորված Գարեն Աթաջանյանի մասին է: Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն ամենայն հավանականությամբ լինելու է այսպիսին.այս անձը առողջական վիաճկից ելնելով չի կարող գտնվել կալանքի ներքո: Իսկ պայմանն էլ լինելու է այն, որ նա պետք է միշտ ցուցմունք տա Արա Բուդաղյանի դեմ»,-նշեց Հայկ Ալումյանը:
Փաստաբանը հարց է բարձրացնում.
«Եթե այդ մեղադրյալի վիճակն այդքան վատ էր, ապա ինչո՞ւ ավելի վաղ դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել ու ազատ արձակվել: Իսկ, եթե նրա առողջական վիճակը թույլ է տալիս գտնվել անազատության մեջ, ապա ինչո՞ւ են փորձում արհեստական եղանակով նման պայման դնել նրա առջև: Ակնհայտ է, որ այստեղ առևտուր է գնում: Մարդուն շանտաժի են ենթարկում»:
Հիշեցնենք, որ Արա Բուդաղյանը կասկածվում է 2015 թ մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել ևս երեք հոգու՝ Հենրիկ Ավագյանին, Վիտալի Մինասյանին և Գարեն Աթաջանյանին:
Անի Կարապետյան