«Հրապարակ» թերթը գրում է. «Արագած լեռան մասին Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած հայտարարությունը բուռն քննարկումների դաշտ է բացել, ոմանք մտահոգված են, որ Փաշինյանի հայրենասիրական ակնարկի ներքո դավադիր պլաններ են թաքնված։ Նա ասել էր.
«Երբ խոսում ենք հայրենասիրության մոդելների մասին, հասկանում ենք, որ իսկապես շատ լուրջ ու կարեւոր խնդիրներ կան։ Օրինակ, ես չեմ լսել, որ մեզնից որեւէ մեկը սեր արտահայտի Արագած սարի նկատմամբ, ու սա իսկապես ինձ համար խնդիր է: Ես ոչ մեկիդ տանը Արագած սարի նկարը չեմ տեսել, որովհետեւ դա Հայաստանի Հանրապետություն է։ Այո, իմ տանն էլ չկա»։
ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին հարցրինք՝ ի՞նչ էր ակնարկում Նիկոլ Փաշինյանը։ «Վարչապետն ուզում էր ընդամենը ասեր, որ Արագած սարի նկարն էլ կպցրեք` քուր-ապեր սար են»: Իսկ մարդիկ ընկալել են իբրեւ ակնարկ` որ մեզ պե՞տք է Արագածը, ինչպես Շուշին անվանեց դժգույն ու դժբախտ: «Արա, լավ, էլի, կինո եք սարքում»:
Այսինքն` չե՞ք հանձնելու Արագածը։ «Ասում եմ` կինո մի սարքեք, գնացեք, ձեր տանը Արագածի նկարը կպցրեք, ես էլ եմ կպցնելու»։ Հովիկ Աղազարյանը մի քիչ այլ կերպ մեկնաբանեց ասվածը․ «Սիրեք այն, ինչ ունեք, եւ խնայեք ու փայփայեք»:
Շուշին էլ ունեինք ու սիրում էինք, բայց հանձնելուց հետո Փաշինյանն այն դժգույն ու դժբախտ բնորոշեց։ «Լավ չենք սիրել»: Բայց եկանք-հասանք Արագածին, Փաշինյանն էլ էր կարծես ասում՝ այ, որ լավ չեք սիրել, հանձնելու եմ։ «Իյա, անհարմար բաներ մի ասեք»։ «Երբ մարդն իր ունեցածը չի արժեւորում, կորցնում է, իսկ այն, ինչ արժեւորում է, դրա համար պայքարում է»,- գրեթե ինքնախոստովանական ցուցմունք տվեց ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում