Պա´պ, գիտե՞ս, հիմա էլ երբեք Նոր տարվա գիշերը ինչ-որ մեկին տուն կանչելու չեմ գնում:
Պա´պ, հիմա արդեն չեմ մտածում, որ Նոր տարի է, դու տանը չես, ես մենակ եմ:
Չեմ մտածում, պա´պ…
Այդ օրը երևի առաջին անգամ հասկացել էի, որ Նոր տարի է ու հասկացել էի, որ Նոր տարուն պապան անպայման պիտի տանը լինի:
Իսկ դու չկայիր, չեկար…
Այդ օրը վերջին անգամ հավատացի, թե քնեմ-արթնանամ՝ կգաս:
Պա´պ, ես լացում էի, դու անտարբեր էիր… Մի քանի ժամից Նոր տարի էր լինելու… Վերջին տոնը…
Դրանից հետո էլ ոչ մի Ամանորի քեզ չեմ սպասում. մեկ է՝ չես գալու… Ու, ընդհանրապես, Նոր տարուն էլ չեմ սպասում, երազանք չեմ պահում…
Պա´պ,ինձ համար մի քիչ շո՞ւտ չէր այդպես, այդքան մեծանալը:
Դու իմ մեջ ոչինչ չես փշրել… երևի…չէ´, չգիտեմ…
Դու ուղղակի սովորեցրիր, որ Նոր տարվա հրաշք չկա, ու դու չես գալու…
Այդ օրը երևի առաջին անգամ հասկացել էի, որ Նոր տարի է… Տոն է…
Գալիս եմ քեզ տուն կանչելու…
Պա´պ, ինձ ջուր են տալիս, որ լացս կտրեմ, դու անտարբեր ես… Քեզ հարցնում են՝ ինչու ապտակեցիր, դու անտարբեր ես… Տարիները անցնում են, պա´պ… Ես սովորել եմ մենակ մեծանալ: Հիմա դու երբեմն-երբեմն փորձեր ես անում ինձ պաշտպանելու, բայց էլ պետք չի, պա´պ: Ես վաղուց գիտեմ, որ ինքս պիտի ինձ պաշտպանեմ:
Ոչինչ ինձ հեշտ չի տրվում… Դու ուզում ես տարիների պարտքդ տալ… Պետք չի, պա´պ: Ես սովորել եմ առանց քո սիրո ապրել… Չնայած՝ եղունգներս շուտ են կոտրվում. դրանցով եմ ինձ ճամփա բացում, պա´պ:
Բայց քեզ երբեք չեմ մոռացել, պա´պ: Միշտ հիշում եմ. դու ես ինձ առաջ մղում: Պետք չի զարմանալ: Հիմա մտածում ես՝ ինձ ոչինչ չես տվել , այդ ինչպե՞ս է, որ դու ես առաջ մղում:
Ցավ չեմ զգում, պա´պ… Լավ է, որ կաս…
Չեմ մեղադրում, չէ´… Շնորհակալ եմ…
Հա´, պա´պ, շնորհակալ եմ, որ սովորեցրիր մենակ ապրել, որ սովորեցրիր ոչ մեկի չսպասել…
Շնորհակալ եմ, պա´պ, որ փշրեցիր մանկական բոլոր երազանքներս…
Բայց, ախր, ինձ համար մի քիչ շո՞ւտ չէր այդպես, այդքան մեծանալը…
Պա´պ, մեկ-մեկ ես էլ եմ թուլության պահեր ունենում, ես էլ գիտեմ հույսս կտրել ու մի պահ հոգնել… Բայց երբեք սովորություն չի դառնում հուսահատությունը… Թուլության մի քանի պահ, ու այտս արյրվում է հին ցավի հուշից…
Ու այտիս ցավը նորից եղունգներիս ստիպում է կոտրվել…
Պա´պ, այսօր ինձ մի պահ ուզում եմ թույլ զգալ, ուզում եմ միայն երազել…
Ինչո՞ւ չես թողնում…
Այս մրմուռը շատ է տանջում…
Հռիփսիմե Գալստյանի «Մտքապնակ» բլոգից