Մարտի 24-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը` որից կառանձնացնեմ հետևյալ հարցերը.
- Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության շնորհիվ մայրաքաղաքում նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 31 արձանագրություն, որից 28-ը՝ Կենտրոն վարչական շրջանում: Արձանագրությունների զգալի մասը կազմվել է քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների կողմից, այն ինչ այս գործառույթի իրականացման հիմնական պատասխանատուն հենց վարչական շրջանի համապատասխան բաժինն է։ Տվյալ բաժնի աշխատակիցներն ուղղակի մատների արանքով են նայում իրենց պարտականությունների կատարմանը, ինչի համար էլ Կենտրոնի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետը խիստ նկատողություն է ստացել։
- Քաղաքաքացիների կողմից ստացվող դիմումներին սահմանված ժամկետում պատասխաննների տրամադրումը շատ կարևոր է ուստի հանձնարարել եմ այս հարցը պահել հսկողության տակ։
- Ապրիլի 12-ը հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի օր, որի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներում ակտիվորեն կներգրավվեն ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցները:
- Կոմիտասի անվան զբոսայգու ողջ տարածքը բարեկարգելու նպատակով հանձնարարել եմ ներկայացնել նախագիծ-նախահաշիվ:
- Սեփականատերերի կողմից իրենց պատկանող տարածքների մաքրման ու պատշաճ վիճակի բերման աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 10 տարածք սեփականատերերի կողմից իրենց միջոցներով մաքրվել և բերվել է համապատասխան տեսքի: Հանձնարարել եմ խիստ հսկողություն սահմանել նաև վարձակալների կողմից տնօրինվող տարածքների մաքրման և բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքների նկատմամբ:
- Երևանի քաղաքապետարանի կողմից ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձյան, ՀՀ սահմանամերձ գոտիներում երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքները՝ մայիսին կրկին հնարավորություն կունենան այցելելու զորամասեր։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից