▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն և խոցելի. Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում

 

Երեկ` սեպտեմբերի 28-ին, նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի 70-րդ խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ստորև ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի ելույթը:


«Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհակալ եմ Նախագահ Օբամային միջազգային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակության այս գագաթնաժողովը նախաձեռնելու համար:

Չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը և դրանց խաղաղ կարգավորմանն ուղղված վիթխարի ջանքերին՝ խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն և խոցելի:

Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով: Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում:

2004 թվականից հայ խաղաղապահները սկսել են ծառայություն իրականացրել Կոսովոյում, իսկ հետագայում՝ նաև Իրաքում: 2010 թվականից մեր մասնակցությունը բերեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերին: 2015-ից սկսած այդ երկրում մասնակցում ենք «Վճռական աջակցություն» առաքելությանը և, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեր միջազգային գործընկերների հետ մնալու ենք այնքան, որքան անհրաժեշտ է:

Անցյալ տարի մենք ընդլայնեցինք խաղաղապահ առաքելությունում մեր ներգրավվածությունը: Այժմ արդեն ներկա ենք Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի ՅՈԻՆԻՖԻԼ առաքելությունում: Այս տարվա հուլիսին մեկնարկեց Հայաստանի մասնակցությունը Մալիում գործող ՄԻՆՈՒՍՄԱ խաղաղապահ առաքելությանը: Իսկ բոլորովին վերջերս ՄԱԿ֊-ի խաղաղապահ գործողություններին մեր ապագա մասնակցության և համապատասխան կարողությունների զարգացման ու տրամադրման առումով մենք ստանձնել ենք նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստումը և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը:

Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման պարագայում առանցքային է եղել ԱՄՆ-ի, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցների և մյուս անդամ պետությունների դերակատարությունը, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում:

Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի՝ թե՛ մեծ թե՛ փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահությունը՝ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը: Այսօր մեզ դեռևս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր` այն առավել ամրապնդելու համար: Ակնհայտ է, որ միայն համապարփակ, համադրված ու կշռադատված մոտեցմամբ է հնարավոր ունենալ խաղաղ և ապահով աշխարհ:

Շնորհակալություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին