«Ճակատագրի գերիները», «Որոգայթ», «Անծանոթը» հեռուստասերիալներից հանրությանը հայտնի դարձած դերասան Սարգիս Գրիգորյանը հասցրել է սիրվել ու գնահատվել շատերի կողմից: Դերասանի հետ զրուցել է ASEKOSE.am-ի թղթակիցը:
-Ինչպե՞ս որոշվեց Ձեր դերասանական ճակատագիրը:
-Պատահական… անկախ իմ կամքից, ուղղակի հայտնվեցի ճիշտ տեղում ճիշտ ժամանակին, ու հասկացա, որ բացի արվեստին տրվելուց` ես ոչ մի բանի ընդունակ չեմ:
-Թատրոնն ավելի շատ հաջողություն բերեց Ձեզ, թե՞ սերիալները:
-Դե իհարկե սերիալը…թատրոնում քեզ դիտում են առավելագույնը հինգ հարյուր մարդ, էկրանին` հարյուրապատիկ ավելի:
-Կգա՞ ժամանակ, երբ մենք կարող ենք ասել, որ իսկական թատրոն ունենք:
-Հիմա էլ ունենք, մնում է ֆինանսավորողները հայտնվեն, որ հանրության ուշադրությանը ներկայացնենք լավ գործեր… աղքատ է թատրոնը գումարով, այլ ոչ թե մտքով…թող տան՝ ստանան…առանց վճարելու` ուտելիք չես գնի…
-Սարգիս, սերիալում խաղալը Ձեզ չի՞ հեռացնում թատրոնից, հասցնո՞ւմ եք թատրոնին ժամանակ տրամադրել:
-Այնպես է ստացվել, որ հեռուստատեսությանը ես ավելի շատ ժամանակ եմ տրամադրում, բայց որ լավ առաջարկ լինի` հաստատ ժամանակ կգտնեմ…
- Ո՞ ր ժանրերում եք ավելի հաճույքով խաղում:
-Դրամա, որը խորիմաստ է ավելի:
- Դերասան ամուսինները հաճա՞խ են խաղում կյանքում:
-Բոլորն են խաղում, նայած ով ինչքան:
- Արվեստագետի ներաշխարհում ինչպիսի՞ կոնֆլիկտներ կան:
-Ինչ բոլորի ներաշխարհում, ուղղակի արվեստագետը դրանք լուսաբանում է:
-Ի՞նչ է ընտանիքը Ձեզ համար:
-Ապրելու իմաստ…
-Ինչպիսի՞նն է Սարգիսը որպես հայր և որպես ամուսին:
-Այդ հարցը ցանկալի կլինի կնոջս կամ զոքանչիս ուղղեք…ես չեմ սիրում ինձ գովել:
- Ճանաչված մարդկանցից շատերը հոգնում են իրենց այդ վիճակից: Դուք ճանաչվածությանը ինչպե՞ս եք վերաբերվում:
-Ես գիտակցված ու սիրով ընտրել եմ մի մասնագիտություն, որի անբաժանելի մասն է կազմում ձեր հարցադրումը: Երբ ինձ ճանաչում են` սկզբում հաճելի էր, հետո` սովորական, դա իմ ապրելակերպի մի մասն է:
-Աշխարհահռչակ ռեժիսորներից ու՞մ մոտ կցանկանաիք նկարահանվել:
-Կվենտին Տարանտինո, Կուստուրիցա, Ալմոդովար, Ջոն Վու: Ու այդպես բոլոր տաղանդավոր մասնագետների մոտ…
-Երբևէ քննադատել ե՞ք սերիալները:
-Ես քննադատում եմ ամեն անճաշակություն, ու սերիալը հաստատ բացառություն չի, եթե այն սիրողական մակարդակի է:
-Ձեր մասին լսած ամենահետաքրքիր ասեկոսեն ո՞րն է եղել:
-Որ ես բաժանվել եմ:
-Ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին և երկրպագուներին:
-Հույս, սեր, հավատ:
Հարցազրույցը` Երվանդ Մարեյանի