▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելա, մնա քո բարձունքում, ժամանակը բոլորին իր տեղը կդնի. Սուրեն Շահվերդյան

Այս կիրակի «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարը հյուրընկալվել էր դերասանուհի Անժելա Սարգսյանին: Հաղորդման ընթացքում Անժելան, պատասխանելով Սուրեն Շահվերդյանի` տղամարդկանց վերաբերող հարցերին, բացահայտել էր, թե ինչպիսի հատկանիշներով պետք է օժտված լինի տղամարդն իր կողքին լինելու համար: Թվում էր, թե ռեժիսորի և դերասանուհու զրույցը որևէ բուռն քննարկում չպետք է առաջացներ, սակայն համացանցային որոշ օգտատերեր շտապեցին Անժելային քննադատել` համարելով, որ Անժելայի` տղամարդկանց վերաբերող բնորոշումները վիրավորական էին և ոչ տեղին:

Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց  «Քաղցած չէին սպասում»-ի հաղորդավար, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի հետ` հաղորդմանը հաջորդած անպատեհ ձևակերպումների և քննադատությունների վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը պարզելու նպատակով:  Սուրենը զրույցը սկսելուն պես շեշտեց, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել Անժելա Սարգսյանին` իրենց ընդունելու և իրենց համար պատրաստելու համար, ինչը, ըստ նրա, դերասանուհու համար այդքան էլ հեշտ չէր.

«Հաղորդման ընթացքում Անժելան իրեն դրսևորեց որպես հմուտ խոհարար և կարևոր խորհուրդներ տվեց բանջարեղենի լվացման վերաբերյալ: Ինձ վրա նա հիանալի մոր և հիանալի խոհարարի տպավորություն թողեց, ով, ի դեպ, հրաշալի դուստր ունի: Անժելան հաղորդման ընթացքում շատ ջերմ և հետաքրքիր էր, պարզապես մեր հասարակությունը ներել չգիտի: Ես ինքս հաղորդման ժամանակ փորձում էի անընդհատ ոչ ուղղակիորեն խոսել, առհասարակ, այն տղամարդկանց մասին, որոնց պատճառով կինը նմանատիպ իրավիճակում է հայտնվում: Իմիջիայլոց, այդ իրավիճակն ինձ համար շատ պարզունակ և սովորական էր. ուղղակի Անժելան սիրել էր, հավատացել էր մի տղամարդու, ում հետ եղել էր բացարձակ անկեղծ»:   

Ըստ Սուրենի` եթե այդ ամենը տեղի ունենար որևէ նորմալ, զարգացած երկրում, ապա այլ արձագանք կունենար, սակայն փոքր Հայաստանում նման բաները չեն ներվում:

«Ես համոզված եմ, որ ավելի մեծ անբարոյականություն է ուրիշի սեռական կյանքի, ուրիշի կեղտոտ ներքնազգեստի մեջ մտնելը, իսկ մեր ամբողջ ազգը հենց դա է անում և ապրում է դրանով արդեն տարիներ շարունակ: Եվ վերջին հաղորդումը նորից առիթ տվեց, որ մարդիկ կրկին ապրեն այդ թեմայով: Իրականում ի՞նչ է արել Անժելան` մի ողջ ա՞զգ է խաբում, թե՞ մի ողջ ազգի է կիսաքաղցած պահում, հո՞ւյս է տալիս և կրկին խաբո՞ւմ. եկեք տեսնենք` ով ինչ բարոյականություն ունի այս երկրում, և ում մասին, ինչ են խոսում, պարզապես չի կարելի…Պետք է  միշտ ձեռք մեկնել այն մարդուն, ով ընկել է` հատկապես կնոջը, և հատկապես այս մեկամսյակի ընթացքում: Չի կարելի մարդուն տրորել և հարվածել,  պետք է բարձրացնել և  բարձրանալու հնարավորություն տալ»:

Ռեժիսորի խոսքով` ինքը վստահաբար այն մարդկանցից է, ով ձեռք է մեկնում և կշարունակի մեկնել Անժելա Սարգսյանին.

«Մենք բոլորս էլ ինչ-որ բանում մեղավոր ենք. սա շատ կարևոր միտք է: Մենք գնահատականներ տալու և ուրիշի նեղ անձնական գործերին քիթներս մտցնելու իրավունք չունենք: Անժելան պարզապես  խաբված էակ է, ով հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ նրա բոլոր քայլերը մերժվում են, բայց, միգուցե, մոտ 10-15 տարի անց նրա մասին խոսեն որպես Հայաստանում որոշակի առումով սեքս-հեղափոխության հեղինակներից մեկի: Պարզապես ներկայումս մենք ընկել ենք մի բանի հետևից, որի իրավունքը չունենք: Այսօր պետության մեջ անբարոյական մարդիկ կան` հատկապես տղամարդկանց շարքում, ովքեր մի ողջ պետության ճակատագիր են որոշում և այն տանում դեպի անդունդ, սով և քաղց, այնպես որ` հանգիստ թողնենք Անժելա Սարգսյանին: Վատ է, որ մենք դեռ այդ որակի և մակարդակի ենք»:

Զրույցի վերջում էլ ռեսիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանն ասաց, որ  երեկ խոսել է Անժելա Սարգսյանի հետ և նրան տվել հետևյալ խորհուրդը.

«Անժելա, մի իջիր այն մարդկանց մակարդակին, ովքեր ունակ են կրկին քննարկել այս հարցը և ապրել դրանով, մնա քո բարձունքում, ժամանակը բոլորին իր տեղը կդնի: Ինձ համար առավել նողկալի և ճղճիմ` քան այս իրավիճակը, երբ մարդիկ ունակ են քննարկելու նման թեմաներ, պարզապես չի կարող լինել»:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին