▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհապաղ կարճել քրեական գործը եւ ազատ արձակել Լեւոն Բարսեղյանին

Լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի ձերբակալության վերաբերյալ

Հուլիսի 27-ին ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի Խորենացի փողոցում կայացած բազմամարդ հանրահավաքից հետո ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել այդ հավաքի ակտիվ մասնակիցներից մեկը՝ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով, եւ նա ձերբակալվել է։ Բարսեղյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության։

Լևոն Բարսեղյանի գտնվելու վայրը գործընկերների և հարազատների համար երկար ժամանակ անհայտ է եղել։ Թեև ոստիկանությունը տեղեկացրել էր, որ  նա ազատ է արձակվել առավոտյան 06:30-ին, իրականում դա ապատեղեկատվություն էր. Բարսեղյանը գտնվել է ոստիկանության հսկողության ներքո, տարվել է Գյումրու Կումայրի բաժին և կրկին բերվել Շենգավիթի քննչական բաժին: Իրավապաշտպան գործընկերների համառ գործողությունների շնորհիվ միայն օրվա երկրորդ կեսին ճշտվել է նրա որտեղ լինելը։

Բարսեղյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսացել նրա անձնական խուզարկությամբ՝ տաբատի գրպանից հայտնաբերված ծալովի դանակը: Նրա փաստաբանի հաղորդմամբ՝ այդ դանակն առաջին անգամ չէ, որ հայտնաբերվում է Լևոն Բարսեղյանի մոտ նմանատիպ իրավիճակներում, երբ ոստիկանությունը նրան բերման էր ենթարկում բողոքի ակցիաներից։ Սակայն ամեն անգամ այդ դանակի առկայությունն արձանագրվել է և անտեսվել, քանի որ չի համապատասխանել սառը զենքի չափանիշներին։

Մենք՝ ներքոստորագրյալներս, համոզված ենք, որ մեր գործընկերոջ նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է, իսկ իբրև սառը զենք որակված դանակի առկայության փաստը՝ ընդամենը նրա ակտիվ հասարակական գործունեության, ինչպես նաև Խորենացի փողոցում տեղի ունեցող հանրահավաքներին մասնակցելու, իսկ վերջին օրը նաև այն վարելու համար Լևոն Բարսեղյանին «պատժելու» պատրվակ է։ Փաստորեն, մեր գործընկերը իրավապահ մարմինների կամայական գործողությունների թիրախավորված զոհ է դարձել քաղաքացիական դիրքորոշման համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ պահանջում ենք.

– իրավապահ մարմիններից՝  անհապաղ կարճել հարուցված քրեական գործը եւ ազատ արձակել Լեւոն Բարսեղյանին,

– իշխող քաղաքական վերնախավից՝ դադարեցնել բռնությունները ցուցարարների ու ակտիվ քաղաքացիների նկատմամբ, եւ իրավապահների գործողությունները վերադարձնել օրինական դաշտ։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

 «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

«ՀԱՆՐԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ՀԿ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Հայտարարությունը բաց է միանալու համար

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին