▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրե Սիմոնյանը երազում է զուգերգ կատարել Արթուր Մեսչյանի հետ

«The Beautified Project»-ի տղաները շուրջ վեց ամիս դադարից հետո մարտի 21-ին Տիկնիկային թատրոնում հայ երկրպագուների համար հնչեցնելու են իրենց հեղինակային անգլալեզու հայկական ռոքը:

Խմբի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը Բրավո.am-ին հայտնել է, որ համերգին նվագելու են ոչ միայն իրենց երգացանկի հայտնի երգերը, այլեւ` դեռ չթողարկված ալբոմից մի քանի նոր գործ. «Մեր հիթերից մեկն էլ կատարելու ենք այնպիսի մարդու հետ, որ ժողովուրդը դժվար թե կռահի` ում մասին է խոսքը»,-չակերտները չբացելով` ասել է Անդրեն եւ հավելել, որ միակ հայ մարդը, ում հետ երազում է դուետ երգել, Արթուր Մեսչյանն է, իսկ նրան դեռ չի հայտնել իր երազանքի մասին:

«Սիրում ենք ակումբներում նվագել ու հանդիսատեսին ավելի մոտ լինել, բայց քանի որ ուշ-ուշ ենք մենահամերգ տալիս, շատ մարդ է գալիս, իսկ երեւանյան ակումբները փոքր են: Լուսային էֆեկտներն ու ձայնային հնչողությունը դահլիճում ավելի որակյալ են, ինչը շատ կարեւոր է լավ համերգի համար»,-ասել է Անդրե Սիմոնյանը` նշելով, որ հայաստանյան համերգներից շահույթ չեն ստանում, իսկ գումար վաստակում են արտերկրում. «Անգլիայում, Ավստրիայում, Ամերիկայում մեր համերգները հովանավոր են ունեցել, կա ֆինանսական ներդրում, երգերը վաճառվում են համացանցի միջոցով, իսկ այստեղ ավելի շատ մշակութային ներդրում է»:

Հայաստանում խումբը վերջին անգամ նվագել է նախորդ սեպտեմբերին` Ախթալայում, որից հետո համերգային դադար էր վերցրել եւ ծրագրել անելիքները: Անդրե Սիմոնյանը երկու եւ կես ամիս գտնվել է Միացյալ Նահանգներում, համերգների մենեջմենթով է զբաղվել, իսկ Անգլիայում մասնակցել է իրենց հետ զուգերգ  կատարած «Antimatter»-ի ալբոմի շնորհանդեսին: «The Beautified Project»-ի մյուս անդամները` եղբայրներ Արմենը եւ Առլենը, համերգային դադարի ընթացքում ստեղծագործել են նոր երգեր, որոնք էլ հիմա ձայնագրման փուլում են:

Բենդն այժմ աշխատում է երրորդ ձայնասկավառակի երգերի վրա` համագործակցելով ամերիկյան «St. Mongoose Entertainment» ընկերության հետ: Ալբոմը  նոյեմբերին կթողարկվի ամերիկյան, այնուհետեւ` հայկական շուկայի համար: Անդրեն նշել է` նոր տեսահոլովակն էլ ունեն, որը նկարահանվել է երկրպագուների պահանջով. «It's a Little Late» երգի պրեմիերան կլինի փետրվարի վերջին. «Այս երգի աուդիո տարբերակը համացանցում ավելի շատ դիտում ունի, ավելի սիրված է, քան մեր վերջին` «Bleak երգի տեսահոլովակը: Երևի պատճառը պրոգրեսիվ երաժշտությունն է, որ առանց վոկալի երեք րոպե հնչում է, շատ էիք աշխատել տեսահոլովակի վրա, բայց զարմանալիորեն քիչ դիտվեց: Նոր տեսահոլովակը կրկին մեր ձեռագրով է, ռեժիսորը Հովիկ Հովհաննիսյանն է»:

Նշենք, որ մարտի 23-ին ռոք-բենդը համերգ ունի Թբիլիսիի «Դիվան» ակումբ-ռեստորանում, իսկ 2013-ի վերջին ամիսներին «The Beautified Project»-ը շրջագայելու է Միացյալ Նահանգներում: Խումբն ամերիկյան շուկայի համար ունի նոր լոգո, որի դիզայնն արել է խմբի պաշտոնական դիզայներ Արվին Քոչարյանը:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին