▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անարդյունավետ ծախս է կատարվել». Իշխան Զաքարյանը` բիոզուգարանների մասին

ԱԺ այսօրվա նիստին  ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան  Ուրիխանյանը, անդրադառնալով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ելույթին,  բարձրացրել է բիոզուգարանների հարցը` շեշտելով, որ թեման բազմիցս քննարկվել է տարբեր շրջանակներում:

«Էկոնոմիկայի նախկին նախարարները, կուրծք պատռելով, սատարում էին այդ որոշումը: Հիմա մենք խոսում ենք ժողովրդի հացի, դեղի գումարի մսխման մասին, 300 հազար դոլար զուգարանների վրա՞…չկան այնտեղ ոչ ադամանդներ, ոչ էլ պճնանքի այլ թանկարժեք պարագաներ»,-ասել է Տիգրան Ուրիխանյանը` հավելելով.

«Ես հորդորում եմ և որպես  հարց հնչեցնում` ինչու՞նյութերը չեն ուղարկվում դատախազություն` կոնկրետ այս դեպքի հետ կապված: Ի վերջո ո՞վ է պատիժ կրելու: Կրկնում եմ` խոսքը գումարի մասին է, որ կարող էր ծախսվել դեղի ու հացի համար: Որևէ մեկը պատասխանատվություն կրելու՞ է, թե ոչ: Ինչու՞ նյութերը չեն գնում դատախազություն»:

Արձագանքելով պատգամավորի հարցին` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասել է.

«Մենք շատ մանարամասն  ուսումնասիրել ենք փաստաթղթերը, գնման ակտերը, տեղափոխման ծախսերը, դրանք բոլորը  համապատասխանում են ներկայացված փաստաթղթերին: Այսինքն այստեղ որևէ խնդիր չկա: Մենք չունենք լիազորություն` ասելու` ինչու՞ եք գնել: Մենք ընդամնեը ասում ենք` անարդյունավետ ծախս է կատարվել»:

 Հակադարձելով` Տիգրան Ուրիխանյանը կրկին պնդել է իր հարցը, թե նույնիսկ այդ դեպքում արդյո՞ք անհրաժեշտություն չկա նյութերը դատախազություն ուղարկելու` ընդգծելով, որ կատարվել է չկանխամտածված հանցագործություն հաշմանդամների ու ծայրահեղ աղքատների նկատմամբ: Ինչին ի պատասխան` Իշխան Զաքարյանն  ասել է.

«Մենք  օրենքով դատախազություն ենք ուղարկում   քրեաիրավական բնույթի կասկածները միայն: Այս պարագայում ֆինանսական ծախսերն օրենքին համապատասխանում են: Դուք հարցն այլ հարթության  վրա եք դնում: Ցանկացած դեպքում  եթե անարդյունավետ գումարներ են  ծախսվել, կարող ենք քննադատել: Պիտի հասկանանք առաջնահերթ լուծում պահանջողները որոնք են: Գուցե այս տեսանկյունից նայենք:  Սակայն միանշանակ ծախսը դիտում ենք անարդյունավետ»:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին