▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անաիս Սարդարյանն իր՝ գլամուրային հերոսուհու և 0 դրամ բյուջեով նկարահանված ֆիլմի մասին

Շուտով «Շանթ» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի նոր հումորային սիթքոմ, որի հիմքում ընկած են կանայք: Սիթքոմի սցենարիստներն են՝ Vitamin ակումբի նախկին անդամ Չարենցը, Լևոն Բեգլարյանը և Սամվել Ղուկասյանը:

Սիթքոմում ներգրաված են դերասան, դերասանուհիներ, որոնք արդեն բավական հայտնի են հանրության շրջանում: Նրանց շարքում է գտնվում նաև «Քաղաքում» հեռուստասերիալում Անուշիկի կերպարը մարմնավորող Անաիս Սարդարյանը, ում հետ էլ Asekose.am-ի թղթազկիցը զրուցել է նոր սիթքոմում իր մարմնավորած հերոսուհու և առաջիկա ծրագրերի մասին:

Մեզ հետ զրույցում Անաիս Սարդարյանը, խոսելով իր նոր կերպարի մասին, ասաց.

«Սիթքոմը հիմնված է լինելու կանանց վրա, ինչը, համենայն դեպս, ինձ համար, շատ ուրախալի է, քանի որ հանդես եմ գալու մի շարք տաղանդավոր կին դերասանուհիների հետ: Մարմնավորելու եմ մի հերոսուհու, ով շատ նման է արդեն իմ նախկին՝ Անուշիկի կերպարին՝ չնայած, որ նա շատ ավելի գլամուր է քան՝ Անուշիկը»,- պատմեց դերասանուհին:

Այն դիտարկմանը, թե ստացվո՞ւմ է, որ նա հեռուստադիտողին ներկայանալու է ոչ թե նորովի, այլ՝ արդեն ծանոթ կերպարով, Անաիսը նշեց, որ տվյալ դեպքում համաձայն է այն փաստի հետ, որ կերպարի էական փոփոխություններ չեն սպասվում և որ այս դեպքում իրեն բոլորովին բարդ չի տրվել կերտել այդ կերպարը.

«Ամեն դեպքում ասեմ, որ նա Անուշիկը չէ: Նա շատ ավելի գրոտեսկային է: Սկզբում ինձ թվում էր, թե անհետաքրքիր կլինի աշխատել, քանի որ անընդհատ մարմնավորել նույն կերպարների հոգնեցուցիչ է և դերասանի, և հեռուստադիտողի համար: Բայց հետո ինչ-որ հետաքրքիր գույներ գտա նոր կերպարիս մեջ և, կարելի է ասել, նոր համ ու հոտ տվեցի վերջինիս»,- իր կերպարի մասին պատմեց դերասանուհին:

Ըստ Անաիսի խոսքերի՝ երբ նրան հրավիրել են մասնակցելու քասթինգի, հենց առաջին իսկ բառից ինքն արժանացել է ռեժիսորի հավանությանը՝ ընտրվելով այդ կերպարի համար:

«Ինչպես հասկացա, իմ նոր կերպարի համար միայն ես էի մասնակցում քասթինգի, որովհետև, միգուցե, ստեղծագործական կազմն էլ երկար փնտրտուքների մեջ չէր ընկել, քանի որ նրանց համար երևի հեշտ էր որոշում կայացնել՝ հենց ինձ այդ դերում տեսնելու հարցում»,- Asekose.am-ի հետ զրույցում պատմեց Անաիս Սարդարյանը:

Այն հարցին, թե ի՞նչ անվանում է կրում սիթքոմը և թե ե՞րբ է այն հայտնվելու հեռուստաէկրաններին, Անաիսը պատասխանեց.

«ճիշտն ասած՝ դեռ հստակ անվանում որոշված չէ, բայց կարծում եմ, որ վերջնական տարբերակը հաստատ կանանց հետ որևէ կապ կունենա: Հույս ունեմ, որ շատ շուտով արդեն եթերում կլինենք, բայց թե կոնկրետ երբ՝ չեմ կարող ասել»,- պարզաբանեց դերասանուհին:

Տեղեկացնենք, որ տվյալ սիթքոմում հանդես են գալիս նաև Զառա Սահակյանը, Անի Պետրոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, «Քաղաքում» սերիալից հայտնի Հայկ Պետրոսյանը և այլոք: 

Aseksoe.am-ի թղթակիցը հետաքրքվեց նաև դերասանուհու առաջիկա ծրագրերի մասին, որին ի պատասխան՝ Անաիսը նշեց, որ ներկայումս նկարահանվում է «Ես սիրում եմ քեզ Երևան» գեղարվեստական ֆիլմում, որը շուտով հեռուստադիտողի դատին կհանձնվի:

«Այն 0 դրամ բյուջեով նկարահանված ֆիլմ է: Բոլոր դերասանները համաձայնվել են խաղալ առանց որևէցիե գումարի: Հույս ունենք, որ այն նույնքան հետաքրքիր կլինի, որքան որ դրա նկարահանումներն են անցել»,- իր խոսքը եզրափակեց դերասանուհի Անաիս Սարդարյանը:

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին