Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ-ում ընդունվել է օրենք, ըստ որի` պապարացիներին այսուհետ արգելվում է լուսանկարել հայտնի մարդկանց երեխաներին: Օրենքն ընդունելու համար պայքարել են հոլիվուդյան դերասանուհիներ Հոլի Բերին, Ջենիֆեր Գարները և երգչուհի Ադելը: Օրենքն ուժի մեջ կլինի 2014թ-ի հունվարի 1-ից:
Այս օրենքն արգելում է լուսանկարել «աստղային» երեխաներին` առանց իրենց ծնողների համաձայնությունը ստանալու: Օրենքը խախտելու համար լուսանկարիչները կենթարկվեն տույժի` 10.000 դոլարի չափով:
Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին շնորհակալություն է հայտնել Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունին օրենքն ուժի մեջ դնելու համար. «Ես այս պայքարը սկսել եմ մեծ հույսով, բայց եթե անկեղծ լինեմ, մի փոքր կասկածում էի: Հիմա ես խոսքեր չունեմ ասելու, որպեսզի կարողանամ իմ շնորհակալությունը հայտնեմ նահանգապետ Ջերրի Բրաունին, ով օգնեց երեխաներին, ովքեր տառապում էին իրեն ծնողների հայտնիությունից: Ինձ թվում է, որ այս օրենքը կդառնա առաջին քայլը` վերջ տալու ագրեսիվ լրագրողների տհաճ պահվածքին»:
Դերասանուհին շնորհակալություն է հայտնել նաև իր գործընկերուհիներին` Ջենիֆեր Գարներին և երգչուհի Ադելին, ովքեր իր հետ միասին պայքարել են օրենքն ընդունելու համար: