ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին նշել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը առավել մեծ ճնշման է ենթարկվելու առաջիկա շաբաթներում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու այլ դաշնակից ուժերի կողմից:
Երեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Քերրին նշել է այն ուղիների մասին, որոնցով երկու երկրների կառավարությունները կարող են ավելի արդյունավետ պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ. «Ես Նախագահ Օբամայի ու Ամերիկայի ժողովրդի անունից ցավակցություններ հայտնեցի նախագահ Օլանդին, և հիացած եմ այն արտակարգ քաջությամբ ու դիմադրելու ունակությամբ, որ Ֆրանսիայի ժողովուրդը ցուցաբերել է: Մենք անդրադարձել ենք այն կարևոր քայլերին, որոնք հավատացած ենք, կարող ենք միասնաբար ձեռնարկել տարբեր ոլորտներում բարձրացնելու մեր արդյունավետությունը, անգամ՝ ընդդեմ «Դաիշի»։
Նախագահ Օլանդը խոստացել է հարվածել զինյալներին Սիրիայում առանց որեւէ գթության, քանի որ Փարիզում հարձակումները այնտեղ են ծրագրվել: Մինչդեռ Ֆրանսիայի ներքին գործոց նախարարությունը նշել է, որ 128 խուզարկություն է կատարվել գիշերվա ընթացքում, 23 հոգի ձերբակալվել է, իսկ հարյուրից ավել մարդ տնային կալանքի տակ է առնվել։ Բացի այդ նախարարությունը բացահայտել է փարիզյան հարձակումների գլխավոր կազմակերպիչ-կասկածյալին:
Բրյուսելում Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ-ի լիակատար աջակցությունը հայտնեց Ֆրանսիայի կողմից իրականացվող անվտանգության միջոցառումների վերաբերյալ. «Ինչպես գիտեք Ֆրանսիան խնդրել է մեր աջակցությունը համաձայն պայմանագրի 42 կետ 7 հոդվածի: Այսօր Եվրոպական Միությունը բոլոր անդամ պետությունների պաշտպանության նախարարների միջոցով իրենց ուժգին աջակցությունն ու պատրաստակամությունն են հայտնել՝ տրամադրելու այն բոլոր օգնությունը, որ կպահանջվի կամ ինչի կարիքը, որ կլինի», - ասել է Մոգերինին:
Ֆրանսիական մարտական ինքնաթիռները շարունակում են ռմբակոծել «Իսլամական պետություն « խմբավորման թիրախները Սիրիայում, հատկապես նրա կենտրոնակայանը Ռաքքայում: Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ինքնաթիռներից 10-ը մասնակցել են վերջին գրոհներին՝ ուղղված ընդդեմ ահաբեկչական այդ խմբավորման գլխավոր հրամանատարական ու զորահավաքային կենտրոնների։