▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ գնալն էլի բարդ կլինի. «Ժողովուրդ»

Այս տարվա հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը վավերացրեց «Եվրամիության եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի պարզեցման եւ ռեադմիսիայի մասին» համաձայնագիրը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «նոր կանոնակարգերը վիզաների տրամադրման գործընթացները կդարձնեն ավելի արագ (որոշումը կընդունվի 10 օրվա ընթացքում, արտակարգ դրության պայմաններում` 2 օր կամ ավելի քիչ), ավելի էժան (դիմումը կարժենա 35 եվրո) եւ կազատեն բյուրոկրատական քաշքշուկներից (պահանջվող փաստաթղթերի թիվը կրճատվել է բնակչության որոշ խմբերի համար` մոտ հարազատներ, պաշտոնական պատվիրակությունների անդամներ, ուսուցիչներ, ուսանողներ, գործարարներ, լրագրողներ, գիտնականներ եւ այլն)»:

«Ժողովուրդ»-ը փորձեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնից հետաքրքրվել, թե արդյոք ԱՄՆ-ը եւս չի պատրաստվում դյուրինացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմը: Մեր հարցմանն ԱՄՆ դեսպանատնից պատասխանեցին. «Նոյեմբերի 22-ին Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգները քննարկեցին վիզային ռեժիմի երկկողմ ազատականացման գործընթացը մեկնարկելու հարցը: ԱՄՆ դեսպանությունն արդեն սկսել է տրամադրել բազմակի մուտքի արտոնագրեր 12 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման:

ԱՄՆ դեսպանությունն ու ՀՀ կառավարությունը երկկողմ առեւտրի ու ներդրումների ծավալները մեծացնելու նպատակով ցանկանում են ձեւավորել առանց վիզաների ռեժիմ ԱՄՆ քաղաքացիների համար, իսկ ՀՀ քաղաքացիներին տրամադրել բազմակի մուտքի արտոնագրեր՝ 10 տարի ժամկետով:

ԱՄՆ դեսպանությունն ու ՀՀ կառավարությունը երկուստեք հետամուտ են այս նպատակին, սակայն այն իրականություն դարձնելու համար պետք է երկար երկխոսություն ու գործընթաց ծավալվի: Ամերիկյան կողմում՝ փոխադարձության սկզբունքով ձեռք բերված համաձայնությունները վերջնական հաստատում պետք է ստանան Վաշինգտոնում: Այդ պայմանավորվածություններն առաջիկա ամիսներին պետք է քննության առնվեն եւ մշակվեն, ապա ներկայացվեն երկու կառավարությունների հաստատմանը: Մինչ այդ, փոխադարձ վիզային ռեժիմի մասով Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ որեւէ փոփոխություն չկա»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին