ԱՄՆ-ը հավելյալ 2ՕՕ թվակազմով ուժեր է տեղակայում Իրաքում եւ այստեղ ուղարկում ՝՝Ապաչի՛՛ մակնիշի գրոհային ուղղաթիռներ՝ ՝՝Դաեշ՛՛ ծայրահեղական խմբավորումից Մոսուլ քաղաքը հետ գրավելու մարտերին աջակցելու համար։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, Բաղդադ կատարած նախապես չհայտարարված այցի ընթացքում ասել է, որ ԱՄՆ-ը նոր ուժեր է ուղարկում Իրաք։
Նրա խոսքերով, բացի ՝՝Ապաչի՛՛ մակնիշի ուղղաթիռներից, ԱՄՆ-ը Իրաք է ուղարկելու նաեւ շարժական հրթիռային կայաններ։
՝՝Այս ամենից բացի, նկատելիորեն ավելացնելու ենք ռազմական խորհրդատուների թիվը, որոնք աջակցելու են Իրաքի անվտանգության ուժերին՛՛։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը Բաղդադում հանդիպել է Իրաքի վարչապետին ու իր պաշտոնակցին, որոնք երկուսն էլ իրենց համաձայնությունն են տվել ամերիկյան նոր ուժերի տեղաբաշխման հարցում։
Քարթերն ասել է, թե ամերիկացի հավելյան թվով խորհրդականները կարեւոր դեր են խաղալու դեպի Մոսուլ իրաքյան ուժերի տեղաբաշխումը ու գործողությունների ընթացքը ծրագրելու հարցում։
՝՝Հաղթանակի համար ցանկանում ենք, որ իրաքյան ուժերն իրականացնեն վճռական գործողություններ, որոնք հիմնված լինեն ճիշտ ծրագրի վրա՛՛։
Քարթերն ասել է նաեւ, որ ԱՄՆ-ը 415 միլիոն դոլար է հատկացրել Փեշմերգայի ուժերին։ Հիշեցնենք, որ այս ուժերը պատկանում են Իրաքյան Քրդստանին, որի կառավարությունը նավթի գների անկման պատճառով այսօր կանգնած է ֆինանսական մեծ խնդիրների առջեւ։
Պաշտոնատար անձինք ասում են, որ Քարթերի ներկայացրած ծրագիրն ու օգնությունը ամենայն հավանականությամբ կուժեղացնեն ՝՝Դաեշ՛՛-ի դեմ պայքարը, սակայն մյուս կողմից ավելի մեծ վտանգի տակ կդնեն Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին։