«Հրապարակ»-ը գրում է. «ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախօրեին հանդիպում է խնդրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներից՝ առանձին-առանձին, որպեսզի փոխանցի ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման հրավերը։ Նշենք, որ հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ը Հայաստանում է գտնվելու ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը, ու այսօրվանից արդեն հրավերներ են ուղարկվում քաղաքական ուժերին՝ հանդիպման համար։ Երկու օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը դիմել էր ԱԳ նախարարությանը՝ խնդրելով կազմակերպել պատվիրակության հանդիպումներն ԱԺ նախագահի և երեք խմբակցությունների ներկայացուցիչների ու կին պատգամավորների հետ։ ԱԳՆ-ն էլ այդ գրությունն ուղարկել էր ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով հանդիպումների վերաբերյալ հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը։ |
Բայց առիթն օգտագործելով՝ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նաև առանձին հանդիպումների է հրավիրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, որպեսզի հրավերն անձամբ փոխանցի նրանց և ձեռքի հետ էլ զրուցի տարբեր հարցերի շուրջ։ Դեսպանը, ըստ ամենայնի, նաև հեռահար նպատակ է ունեցել՝ շոշափել ընդդիմադիրների տրամադրություններն ու համոզել, որ թուլացնեն պայքարը իրենց «հովանավորությունը վայելող» Նիկոլ Փաշինյանի դեմ, որ վերջինս գնա իրենց նախանշած ճանապարհով և ստորագրի բոլոր հնարավոր փաստաթղթերը»:
Մանրամասները՝ թերթի համարում: