Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Անցյալ ամիս երեք հայ երիտասարդ գործարարներ վաճառասեղան էին վարձակալել Գլենդելում գտնվող «Ամերիկանա» առևտրային, ռեստորանային և թատերական մեծ համալիրում՝ իրենց shop1915.com կայքում գովազդվող շապիկները, գլխարկները և հագուստի պարագաները վաճառելու համար:
Թինա Չուլջյանը, Ալեքս Կոտագոլյանը և Արմին Հարիրին (հայտնի որպես ռեպեր «Ար-Մին») սկսեցին իրենց ապրանքների վաճառքը՝ «Ամերիկանայի» լիզինգի աշխատակիցների կողմից դրանք հաստատելուց հետո:
Այդ երեք հայերի բիզնեսի բացման օրը՝ փետրվարի 12-ին, «Ամերիկանայի» ղեկավարությունն անսպասելիորեն հայտնեց նրանց, որ վաճառասեղանից հեռացնեն բողոքի բոլոր պատկերները: Չնայած վաճառասեղանի վրա բողոքի որևէ պատկեր չկար, բացառությամբ վաճառքում առկա շապիկներով մարդկանց պաստառների, Չուլջյանը տեղեկացրեց «Կալիֆորնիա կուրիերին», որ նա անմիջապես հանել է այդ պաստառները՝ խուսափելով «Ամերիկանայի» հետ որևէ վեճից:
Փետրվարի 25-ին «Ամերիկանան» վերջնագիր ներկայացրեց Թինային և նրա երկու գործընկերներին, որ 24 ժամվա ընթացքում նրանք պետք է փոխեն վաճառքի հանված իրենց ապրանքատեսականին, պնդելով, որ բողոքներ են եղել «ցեղասպանության» հագուստ վաճառելու մասին: Հակառակ դեպքում, նրանք ընդամենը երեք օր ունեն տարածքն ազատելու համար:
Մտահոգվելով, որ իրենք վտարման եզրին են, գործարարները համաձայնեցին չցուցադրել հայկական շապիկները և դրանք վաճառել միայն հաճախորդների պահանջի դեպքում: Նույն օրը կեսօրից հետո «Ամերիկանայի» մի պաշտոնյա վերահաստատեց, որ «ցեղասպանության» թեմայով հագուստի բոլոր տարրերը պետք է ամբողջությամբ հեռացնել վաճառասեղանի վրայից:
Սա բացահայտ միջամտություն էր երեք հայերի բիզնեսին: «Ամերիկանան» իրավունք չուներ արգելել «ցեղասպանության» շապիկները՝ խախտելով սեփականատերերի խոսքի ազատության իրավունքը: Բացի այդ, անցյալ շաբաթ այցելելով առևտրի կենտրոն, ես տեսա, որ շապիկների վրա ցեղասպանություն բառը չկար, այլ միայն հետևյալ մակագրությունը. «ՄԵՆՔ ԴԵՌ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ - 2015»: Վաճառքի համար ցուցադրված այլ շապիկների վրա կար P տառը՝ Pentagon Records-ի համար, որը հայ գործարարների ընկերության անվանումն է:
Համոզված չենք, թե որևէ մեկն իրականում բողոքել է «Ամերիկանայի» ղեկավարությանը հայկական շապիկների մասին: Ոչ ոք երբևէ քննադատական խոսք չի ասել բիզնեսի սեփականատերերին: Ավելին, եթե անգամ որևէ մեկը բողոքեր, արդյոք դրանից հետո «Ամերիկանայում» չպիտի՞ վաճառվեր հայկական հագուստ՝ ցեղասպանություն բառով կամ առանց դրա: Սա վտանգավոր է... Եթե որևէ մեկը բողոքի «Ամերիկանայում» գտնվող Barnes & Noble գրախանութում Հոլոքոստի և Ցեղասպանության մասին գրքերի վաճառքից, ապա արդյոք առևտրի կենտրոնի ղեկավարությունը արգելելո՞ւ է նման գրքերի վաճառքը: Իսկ ի՞նչ ասել այդ նույն առևտրի կենտրոնում գտնվող կինոթատրոնների մասին, որտեղ ցուցադրվող ֆիլմերը կարող են վիրավորել որոշ հաճախորդների:
Գիտակցելով, որ «Ամերիկանան» խախտել է իր քաղաքացիական իրավունքները, Թինան խորհրդակցեց փաստաբանի հետ՝ պարզելու, թե ինչ իրավական քայլեր կարող է ձեռնարկել իր բիզնես շահերը պաշտպանելու համար: Նա տեղեկացրեց իրավաբանին, որ «Ամերիկանայի» հետ կնքած պայմանագիրը չի արգելել ցեղասպանության թեմաներով հագուստի վաճառքը: Պայմանագիրը պարզապես արգելել է պոռնոգրաֆիական նյութերի, թմրանյութերի և օգտագործված ապրանքների վաճառքը: Փաստաբանը Թինային հայտնեց, որ թեև «Ամերիկանայի» որոշումները բացահայտ ապօրինի են, սակայն նա այլընտրանք չունի, քան ենթարկվել դրանց, քանի որ ստիպված է լինելու դուրս գալ հզոր իրավական թիմ ունեցող մի խոշոր կորպորացիայի դեմ:
Թինան, թեև հիասթափված էր, որ անկարող գտնվեց պաշտպանելու իր օրինական շահերը, սակայն որոշեց հետևել փաստաբանի խորհրդին և դժկամությամբ ենթարկվեց «Ամերիկանայի» ապօրինի ու դաժան հրամաններին՝ իր բիզնեսը չկորցնելու համար: «Այնպիսի տպավորություն ունեի, որ կարծես թե վերադարձել եմ «Չոր օրենքի» տարիները և արգելված ապրանք եմ վաճառում», ասաց Թինան «Կալիֆորնիա կուրիեր» թերթին:
Անցյալ շաբաթ Թինան դարձյալ նախազգուշացումներ ստացավ «Ամերիկանայից»՝ չցուցադրել ցեղասպանությանն առնչվող որևէ հագուստ, անգամ այն բանից հետո, երբ նա հանել էր բոլոր հայկական շապիկները, բացառությամբ մեկի, որի վրա գրված էր. «ՄԵՆՔ ԴԵՌ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ - 2015»:
Այս տարաձայնությունը երեք հայ երիտասարդների անձնական շահերից շատ ավելի հեռուն է գնում: «Ամերիկանայի» որոշումները ազդում են բոլոր վարձակալների և ամբողջ հայ համայնքի քաղաքացիական շահերի վրա, հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին: Գլենդելի հայերը և քաղաքային իշխանությունները, որոնք «Ամերիկանային» շնորհել են հարկային շռայլ արտոնություններ, պետք է անհապաղ միջամտեն սույն հարցին՝ պաշտպանելով այս փոքր բիզնեսի երեք սեփականատերերին:
«Ամերիկանան» պատկանում է Ռիկ Կարուզոյին, որը բարեկամական հարաբերությունների մեջ է Գլենդելի հայկական խոշոր համայնքի հետ: Հուսով ենք, որ Կարուզոն անհրաժեշտ ուղղիչ քայլեր կձեռնարկի, երբ իմանա իր աշխատակազմի անհարկի և ապօրինի որոշումների մասին:
«Ամերիկանայի» գրասենյակից ոչ մեկը չարձագանքեց իմ հեռախոսազանգին, որով ուզում էի բացատրություն պահանջել հայկական հագուստի վաճառքն արգելելու համար:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի