Մեր հայրենակից Ստեփան Փարթամյանը, ով բնակվում է ԱՄՆ-ում, հայկականության պահպանման ու այն աշխարհին ներկայացնելու համար արդեն մի քանի տարի է, ինչ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես գալիս:
2009թվականին նա հրատարակել է «Yes we have» հայի ինքնությունը փաստող գիրքը:
«Ամեն ինչ սկսեցի ԱՄՆ-ից: Ամերիկայի հայ գաղթօջախը 400 տարվա պատմություն ունի, այստեղ եկած առաջին հայը իրանահայ է եղել: Որևէ մեկը չգիտի, որ մազեր չորացնելու սարքը հայի հայտնագործություն է, որ կատարվել է 1908 թվականին Գաբրիել Ղազանչյան անուն ազգանունով հայի կողմից և նմանատիպ շատ հետաքրքիր փաստեր»,-Asekose.am-ի հետ զրույցում նշում է հեռուստահաղորդավարը:
Քանի որ աշխարհը հիմա թղթային ինֆորմացիայից ավելի նախընտրում է, օրինակ, նորությունների ծանոթանալ համացանցի միջոցով, Ստեփան Փարթամյանը ստեղծել է Partam all things armenian ծրագիրը անդրոիդների համար, որի միջոցով հայը ինչ-որ երկիր այցելելիս կարող է այդ ծրագրի միջոցով ծանոթանալ տվյալ վայրում հայկականի, հայի ներդրման մասին:
«Այս աշխատանքի իմաստն այն է, որ ես երկրագնդին նայում եմ իբրև Հայաստան, քանի որ Հայաստանը միայն այս փոքրիկ հողաշերտը չէ, ամբողջ երկրագունդն է Հայաստանը, իսկ Ամերիկան, օրինակ Հայաստանի մարզն է:
Բացի այս երբ մենք նայում ենք պատմությանը և ուզում ենք 7-րդ, 8-րդ դարից որևէ տեղեկություն ունենալ մերոնց փոխանցածից, բան չենք գտնում: Մենք հայհոյում ենք այդ դարաշրջանի պատմությունը չվավերագրողին, բայց հիմա էլ նույն բանն է կատարվում: Հիմա էլ նույն վիճակն է. հայերը չեն սիրում վավերագրել այն, ինչ կատարվում է իրենց շրջապատում: Եվ ես այս աշխատանքը կատարում եմ, որպեսզի 27-րդ դարի հայը չհայհոյի 21-րդ դարի հային»:
Ստեփան Փարթամյանի հետ ուշագրավ զրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կիրակի օրը Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում: