Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
«Զոգբի» հետազոտական կենտրոնի (Zogby Analytics) կողմից նոյեմբերի 9-ին առաջին անգամ անցկացված հեղինակավոր ամերիկյան հարցախույզը ցույց է տալիս ամերիկյան հասարակության գիտելիքների մակարդակն ու կարծիքը Հայոց ցեղասպանության և Արցախի վերաբերյալ: Բացառապես տողերի հեղինակին տրված հարցախույզի արդյունքների անճշտությունը տատանվում է 3.1 տոկոսի սահմաններում:
Այն հարցին, թե արդյոք տեղյակ եք, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, զարմանալի է, որ հարցման մասնակիցների միայն 34.8 տոկոսն է դրական պատասխան տվել. 49.6 տոկոսն ասել է «ոչ», իսկ 15.6 տոկոսը՝ «գաղափար չունեմ»: Ակնկալում էինք, որ ԱՄՆ քաղաքացիների շատ ավելի բարձր տոկոսը տեղյակ կլիներ Հայոց ցեղասպանության մասին, հատկապես Հարյուրամյակի այս տարվա ոգեկոչման խոշոր միջոցառումներից հետո: Այն փաստը, որ ամերիկացիների կեսը երբեք չի լսել 1.5 միլիոն հայերի Ցեղասպանության մասին, ցույց է տալիս, որ մեծ ջանքեր են անհրաժեշտ հանրության դաստիարակչության համար:
«Զոգբի» հետազոտական կենտրոնն իր հարցման մեջ ծավալուն տեղեկատվություն է տրամադրում մասնակիցների անձնական տվյալների մասին: Ահա մի քանի հետաքրքիր մանրամասներ.
- Մինչ արական սեռի մասնակիցները վերոնշյալ հարցի վերաբերյալ իրենց իմացությամբ բաժանվում են հավասարապես, կանանց շրջանում խիստ անհավասարակշռություն կա. Հայոց ցեղասպանության մասին անտեղյակ կանանց թիվը երկու անգամ գերազանցում է տեղեկացվածների թվին.
- Պատասխանողների շուրջ կեսը հավասարապես անտեղյակ է Հայոց ցեղասպանության մասին՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Լիբերալները մի փոքր ավելի տեղեկացված են, քան չափավորները և պահպանողականները: Զարմանալի է, որ «Թեյի կուսակցության» (Tea Party) և «Գրավիր Ուոլ սթիթը» (Occupy Wall Street) շարժման համակիրների մեծամասնությունը իրազեկ է Հայոց ցեղասպանության մասին:
- Համալսարանների շրջանավարտների Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունն ավելի բարձր է, քան չավարտածների:
- Հայոց ցեղասպանության մասին առավել տեղեկացված է 25-34 տարիքային խումբը, իսկ ամենաքիչ՝ 35-53 տարիքային խումբը:
- Իսպանախոս ամերիկացիներն ավելի քաջատեղյակ են Հայոց ցեղասպանության մասին, քան «սպիտակները». ամենաքիչ տեղեկացվածները աֆրո-ամերիկացիներն ու ասիական ծագում ունեցող ամերիկացիներն են:
- Կաթողիկեներն ավելի տեղյակ են Հայոց ցեղասպանության մասին, քան բողոքականները:
- Արևմտյան ափի ամերիկացիներն ավելի տեղյակ են Հայոց ցեղասպանության մասին, քան արևելքում ապրող նրանց հայրենակիցները, իսկ ամենաանտեղյակները ԱՄՆ-ի կենտրոնական և հարավային նահանգներում ապրող ամերիկացիներն են:
- Հայոց ցեղասպանության մասին ամենաշատ գիտեն ամենաբարձր եկամուտներ ունեցող (100 հազ դոլար և ավելի) ամերիկացիները, իսկ ամենաքիչը՝ նրանք, ովքեր ունեն 35-50 հազ դոլարի տարեկան եկամուտ:
Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանության մասին առավել տեղեկացված ամերիկացին՝ տղամարդ է, աջակողմյան կամ ձախակողմյան թևի ակտիվիստ, համալսարանի շրջանավարտ, 25-35 տարեկան, իսպանախոս, կաթողիկե, ապրում է Արևմտյան ափին և ունի ավելի քան 100 հազ դոլարի տարեկան եկամուտ, իսկ Հայոց ցեղասպանության մասին ամենաանտեղյակ ամերիկացին՝ իգական սեռի ներկայացուցիչ է, գլխավոր կուսակցությունների անդամ, բարձրագույն կրթություն չունի, 35-53 տարեկան է, աֆրո-ամերիկացի կամ ասիական ծագում ունեցող, բողոքական, ապրում է կենտրոնական կամ հարավային նահանգներում և ունի 35-50 հազ դոլարի տարեկան եկամուտ:
Ահա Ցեղասպանությանն ու Արցախին առնչվող մյուս ութ հարցերի պատասխանները.
- Ամերիկացիների 46.5 տոկոսը կողմ է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է կոչ անի Թուրքիային հրապարակայնորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը. 16.1 տոկոսը դեմ է, իսկ 37.4 տոկոսը չգիտի:
- 39 տոկոսը կողմ է, որ «Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է բանաձև ընդունի Հայոց ցեղասպանության մասին... եթե նույնիսկ դրա հետևանքով խզվեն դիվանագիտական հարաբերությունները Մերձավոր Արևելքում գլխավոր ռազմավարական դաշնակցի հետ». 22.5 տոկոսը դեմ է, իսկ 38.5 տոկոսը չգիտի:
- 63.2 տոկոսը կողմ է, որ «եթե Միացյալ Նահանգների դաշնակիցը նախաձեռնում է մի ծրագիր՝ բնակչությանն իր սեփական երկրում ոչնչացնելու, հալածելու կամ տեղահանելու համար, ապա ԱՄՆ-ը պետք է դադարեցնի տնտեսական և/կամ ռազմական օժանդակությունն այդ դաշնակցին». 10.5 տոկոսը դեմ է, իսկ 26.3 տոկոսը չգիտի:
- 20.1 տոկոսը կարծում է, որ երբ որևէ երկիր ցեղասպանություն է իրականացնում, ապա նա պետք է «գումարային» փոխհատուցում վճարի. 11.8 տոկոսն ասում է, որ նա պետք է փոխհատուցի զավթած «հողերը» վերադարձնելով. 10.7 տոկոսը՝ «մեկ այլ խորհրդանշական արարքով», 9.4 տոկոսը՝ «ոչ մի փոխհատուցում չպետք է վճարի», իսկ 48 տոկոսը չգիտի:
- 31.3 տոկոսը կարծում է, որ ՄԱԿ-ը պետք է որոշի, թե ինչ փոխհատուցում պետք է տրվի ցեղասպանության իրագործման դեպքում. 23.8 տոկոսն ասում է, որ դա պետք է որոշի Միջազգային քրեական դատարանը. 12.1 տոկոսը՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսը. 3 տոկոսը՝ Amnesty International-ը. 2.5 տոկոսը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը. 0.8 տոկոսը՝ Հռոմի պապը, իսկ 26.5 տոկոսը չգիտի:
- 37.9 տոկոսը կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է «տնտեսական պատժամիջոցներ» կիրառի ընդդեմ այն երկրի, որը «հրաժարվում է ճանաչել և պատասխանատվություն կրել մարդկության դեմ գործած իր հանցագործությունների համար». 16.4 տոկոսն ասում է, որ ԱՄՆ-ը պետք է «քաղաքական/դիվանագիտական ճնշում» գործադրի. 8.6 տոկոսը՝ «էմբարգո», 2.6 տոկոսը՝ ԱՄՆ-ը պետք է պատերազմ հայտարարի. 4.5 տոկոսը՝ «ոչինչ չանի», իսկ 30 տոկոսը չգիտի:
- 38.3 տոկոսը կողմ է, որ «Միացյալ Նահանգները պետք է միջամտի, եթե Ադրբեջանը փորձի արտաքսել [Արցախի] էթնիկ քրիստոնյա հայերին, որոնք դարեր շարունակ ապրում են այնտեղ». 21.8 տոկոսը դեմ է, իսկ 39.9 տոկոսը չգիտի:
- 40.4 տոկոսը կողմ է, որ եթե հանկարծ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, ապա Միացյալ Նահանգները պետք է կոչ անի Իսրայելին, որը ժամանակակից զենքեր է վաճառում Բաքվին, խզի իր դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետ. 16.9 տոկոսը դեմ է, իսկ 42.7 տոկոսը չգիտի:
Իր տեսակի մեջ առաջին նման հարցախույզը կարող է ծառայել որպես կարևոր ուղեցույց ամերիկահայ համայնքի համար՝ իմանալու, թե որտեղ կենտրոնացնել իր դաստիարակչական ճիգերը և լոբբիստական աշխատանքները:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի