Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, մինչև վերջինս չդադարեցնի ագրեսիան, հրաժարվի բռնությունից ու պարտավորվի Ղարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, այդ մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը։
Կոնգրեսականի խոսքով՝ վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան հիասթափեցնող է։ Նա հիշեցրել է բազմաթիվ զոհերի մասին ու նշել, որ ինքը կոչ էր արել Ադրբեջանին՝ օգտագործել Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովը խաղաղության գործընթացին նպաստելու համար։
«Դրա փոխարեն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր հարձակումներ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ես խստորեն դատապարտում եմ այդ ագրեսիան, և հավատում եմ, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին պետք է դադարեցվի, քանի դեռ նա չի դադարեցրել ագրեսիան, հրաժարվել բռնությունից ու պարտավորվել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»,-ասված է կոնգրեսականի տարածած հաղորդագրության մեջ։