Պոլսո «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Քոչունյանն «Արևելքի» հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ չնայած երեկ երեկոյան և ամբողջ գիշեր Պոլիսը մղձավանջային գիշեր անցկացրեց, սակայն այս պահին քաղաքում արդեն վերականգնված է բնականոն կյանքը: Արա Քոչունյանը նշեց, որ փողոցներում չնայած շատ մարդ չկա, բայց վերականգնված ապահովության շունչը զգացվում է և ինքը, անձամբ, քայլելով է գնացել խմբագրություն, որը Ստամբուլի մարդաշատ փողոցներից մեկում է գտնվում:
«Տրանսպորտն ու փոխադրամիջոցները, որոշ բացառությամբ, գործում են»,-նշեց Արա Քոչունյանը, որը ցավալի համարեց հունիսի 15-16-ին Թուրքիայում տեղի ունեցածը, ինչի հետևանքով մարդկային անդառնալի կորուստներ են եղել, և գլխավոր քաղաքները լուրջ վնասներ են կրել: «Ամբողջ գիշեր, երբ օդանավերն ու ուղղաթիռներն անցնում էին մեր շենքերի վրայով, մենք պատկերացնում էինք հալեպահայերի վիճակը:
Սարսափելի է գիտակցել, որ մեր հայրենակիցները չորս տարի է՝ նման ծանր օրեր են ապրում»,-ասաց«Ժամանակ» թերթի խմբագիրը, որն այսօր առավոտյան լույս տեսած օրաթերթի խմբագրականում նշել է, որ Թուրքիայում ժողովրդավարությունն այլևս նոր մակարդակի վրա է։
Պոլսահայ խմբագիրը բարձր է գնահատում երկրի նախագահի ջանքերը, որ կարողացավ երկրում ռազմական հեղաշրջման փորձ կանխել:
«Թուրքիան այսօր այգաբացը դիմավորեց անշրջադարձելիորեն վերահաստատված ազգային կամքի ամուր դրսևորումով։ Ամբողջ աշխարհի աչքի առջև կանխվեց զինվորական հեղաշրջման փորձը:
Կառույցի այս դավադիր ծրագիրը ձախողվեց պետական մարմինների և ժողովրդի աննախընթաց դիմադրությամբ։ Համայն միջազգային ընտանիքը ականատես եղավ, որ ժողովրդավարությունը Թուրքիայի համար համազոր է օդի, ջրի և հացի»,-նշում է Արա Քոչունյանը: