«Դա պարզապես ծիծաղելի է»,-ընդգծում է հայտնի փաստաբանը՝ մեկնաբանելով ադրբեջանական մամուլի կողմից իր դեմ ձեռնարկված արշավը: «Մի՞թե անպայման պետք է ազգությամբ հայ լինել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցը դատարանում պաշտպանելու համար», - երեկ երեկոյան BBC-ին տված հարցազրույցում տարակուսում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը ներկայացնող Ամալ Քլունին:
«Ադրբեջանի իշխանամետ մամուլի կողմից] իմ դեմ ձեռնարկված այս ողջ հարձակման իմաստը հետևյալն էր` եթե նա մի գործ է վարում Ադրբեջանի դեմ, ուրեմն հաստատ պետք է հայկական ծագում ունենա: Դա պարզապես ծիծաղելի է: Գիտեք, ես դատարաններում բազմաթիվ պետությունների շահեր եմ ներկայացրել, ասենք՝ Կամբոջայի կամ նույն Հայաստանի շահերը: Այդ ամենը, սակայն, որևէ առնչություն չունի ազգային պատկանելության հետ: Ազգությունը որևէ նշանակություն չունի», - հայտարարում էր մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող թերևս ամենահայտնի արևմտյան փաստաբաններից մեկը հանդիսացող Ամալ Քլունին, ով, հիշեցնենք, Հայաստանի կառավարության տեսակետն էր ներկայացնում Դողու Փերինչեքի և Շվեյցարիայի դատական վեճի ընթացքում: Ինչ վերաբերում է Խադիջա Իսմայիլովայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած հայցին` այս առթիվ Ամալ Քլունին BBC-ի լրագրողի հետ զրույցում բացատրում էր, թե ինչու է ստանձնել ադրբեջանցի լրագրողուհու շահերի պաշտպանությունը: «Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է, սակայն այսպիսի աղաղակող քայլերի է դիմում` ազատազրկելով լրագրողին, որպեսզի նա չկարողանա ճշմարտությունն ասել: Դա ինձ ուղղակի զայրացրեց, և ես սկսեցի մտածել, թե ինչ կարող եմ անել նրան օգնելու համար», - նշում էր Քլունին:
«Արդյո՞ք Արևմուտքի արձագանքը Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին համարժեք է ստեղծված իրավիճակին», - BBC-ի թղթակցի այս հարցին պատասխանելով՝ Ամալ Քլունին նկատում էր․ - «Լավ է, որ դիվանագիտական ճնշումը որոշակի արդյունքների է հանգեցնում: Դուք գիտեք՝ ինչ տեղի ունեցավ վերջերս: 146 դատապարտյալներ ազատ արձակվեցին, որոնցից միայն մեկ տասնյակն էր քաղաքական բանտարկյալ: Դա տեղի ունեցավ մարտի 18-ին, և երկու շաբաթ չանցած՝ մենք արդեն տեսանք, թե ինչպես է նախագահ Ալիևը սեղմում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ձեռքը: Ես ուրախ եմ, որ այդ մարդիկ ազատ արձակվեցին բանտից, ես համարում եմ, որ դա դրական քայլ էր: Իսկ Խադիջա Իսմայիլովան այսօր Ադրբեջանում մնացած թերևս ամենահայտնի քաղաքական բանտարկյալն է»: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան ձերբակալվեց 2014 թվականի դեկտեմբերին: Անցած տարվա սեպտեմբերին արդեն Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանը նրան դատապարտեց 7․5 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչելով մեկ այլ լրագրողի` Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության հասցնելու մեջ: Դատարանը հաշվի չառավ այն հանգամանքը, որ Մուստաֆաևի ինքնասպանությունը հաջողված չէր, իսկ դատավարության ընթացքում նա մի քանի անգամ հայտարարեց, թե Իսմայիլովայի դեմ ցուցմունքները տվել է քննիչների ճնշման ներքո: