▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիկ Սարգսյանը՝ Մհերյանի սպանության գործը կոծկելու մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ավելի ապուշ, ավելի անհեթեթ բան չէի կարող պատկերացնել»,- այսպես արձագանքեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ խոսելով սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հոր՝ Պետրոս Մհերյանի կողմից «Ժամանակում» հրապարակված տեսաերիզին, որը վերաբերում է Մհերյանի սպանության գործին:
Տեսաերիզում խոսք է գնում գործն ուրիշի վրա բարդելու մասին: Նախկին ոստիկան Խորեն Իգիթյանը քննիչի սենյակում գործով քննիչ Հեկտոր Սարդարյանի մասնակցությամբ համոզում է մեկ ուրիշ հանցագործության համար դատապարտված Գրիգոր Իգիթյանին՝ Մհերյանի սպանությունը իր վրա վերցնել, որի դիմաց իրեն «շատ չեն տա»՝ 7-8 տարի: Գրիգոր Իգիթյանը եղբորից երաշխիքներ է պահանջում, որ սպանությունը իր վրա վերցնելու դեպքում կլինի այնպես, ինչպես պայմանավորվել են: Իսկ եղբայրը նշում է, որ ինքը հանդիպել է ոստիկանապետի հետ (իսկ այդ ժամանակ ոստիկանապետը Ալիկ Սարգսյանն էր.- Ս.Հ.), եւ նա բոլոր «գարանտիաները» տվել է:

«Հանդիպել եմ, Գրիգոր ջան, ամենամեծ գառանտիաները տվել ա, ամեն գարանտիա տվել ա»,- ասում է Խորենը: Եղբայրը հարցնում է, թե հավատո՞ւմ է այդ «գարանտիաներին»: Խորենը պատասխանում է. «Հա, հա: Հավատում եմ: Ու ընդեղ ու էն շատ բարձր մակարդակով ա էս ամեն ինչը արվում»,-պատասխանում է նա:

«Ի՞նչ ախպերներ, ի՞նչ խոսակցություն, դա անհեթեթություն ա: Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ: Ինչ վերաբերում է նրան, որ դեպքից հետո ես կանչել եմ Գրիգորին ու խոսել եմ հետը, ապա հա: Ես կանչել եմ ու ասել եմ, որ կասկածներ կան, որ դու ես սպանությունը կատարել: Եթե դու ես, պատմի ճիշտը, ոնց ա եղել, քանի որ երկար ձգելը քո շահերից չի բխում: Մի՞թե դրա մեջ հանցագործություն կա: Իսկ մնացածը՝ սարքել, զենք, տանել-բերել՝ դա զառանցանք ա: Կանչեք էդ զառանցողներին եւ հոգեկան հիվանդներին հարցրեք, թե ինչի՞ մասին ա խոսքը: Ես դրա հետ կապ չունեմ»,- եղբայրների խոսակցության վերը նշված հատվածին արձագանքեց Ալիկ Սարգսյանը: Մեր հարցին, թե Խորեն Իգիթյանի հետ հանիպում ունեցե՞լ է առհասարակ, նրանց միջեւ խոսակցություն եղե՞լ է՝ Սարգսյանն ասաց. «Ես Խորենին ուրիշ տեղից էլ եմ ճանաչել մինչեւ դեպքը, ինքը ոստիկան է եղել: Իմ՝ Խորենին ասած խոսքն ընդամենը հետեւյալը կարող է եղած լինի, որ ախպորդ ասա՝ թող գա ճիշտն ասի, ճիշտը պատմի, քանի որ ինֆորմացիա կա, որ ինքն ա կատարել, Գեւորգ Մհերյանի հետ շահերի բախում ա ունեցել: Թող գա պատմի, թե ճիշտը ոնց ա եղել, քանի որ այդ վարկածը մինչեւ վերջ ստուգվել ա: Մի՞թե դա վատ բան ա, որ ես դա ասել եմ: Ես իմ ամբողջ կյանքում բոլոր հանցագործներին ասել եմ՝ տղա ջան, առանց ավելորդությունների ճիշտը պատմի, պրծի»:

Նշենք, սակայն, որ տեսաձայնագրությունից ակնհայտ է դառնում, որ Գրիգոր Իգիթյանը դեպքին անտեղյակ է: Նա զարմացած հարցնում է եղբորը, թե այդ դեպքում ո՞վ պետք է իրեն բացատրի դեպքի հանգամանքները, թե ինչպես է կատարել սպանությունը, ինչ է արել զենքը եւ այլ մանրամասներ: Գրիգոր Իգիթյանը խոսակցության մեջ նշում է, որ ինքն անգամ չգիտի, թե որտեղ է Մհերյանի տունը»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ`   «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին