«Ալիևյան այս հայտարարությունները նորություն չեն: Սա կարելի է մեկնաբանել երկու ձևով. նախ բժշկական տեսանկյունից, ինչը ցույց է տալիս, որ նման հայտարարություններ անող մարդը պարզապես հոգեկան խնդիրներ ունի, որովհետև մի բանը, երբ դառնում է ֆիքսված գաղափար, հոգեբանության մեջ համապատասխան ախտորոշում ունի: Առհասարակ, ցանկացած ֆաշիստ, նացիստ, աննորմալ մարդ է: Սա կարող ենք որպես փաստ ընդունել. հիշենք Երկրորդ աշխարհամարտի նացիստական պարագլուխներին, ովքեր շիզոֆրենիայով տառապող մարդիկ էին: Ահնարին է մարդկանց սպանել, մորթել և ուրախանալ դրանից»,-Asekose.am-ին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը` ըստ որի` Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու, ավելին` իրենք երբեք թույլ չեն տա Ադրբեջանի տարածքում երկրորդ հայկական պետություն ստեղծել:
Իսկ քաղաքական տեսանկյունից ելնելով` Դավիթ Բաբայանն Ալիևի հայտարարությունը մեկնաբանեց հետևյալ ձևով.
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր աննորմալ գաղափարներից և մոտեցումներից: Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում երկրորդ հայկական պետություն ստեղծելուն, դա, իհարկե, վատ և աննորմալ մեկնաբանություն է: Նրանք պարզապես պետք է առևերեսվեն իրականության հետ և հասկանան, որ ամենալավ տարբերակն Արցախի Հանրապետության ճանաչումն է, որովհետև իրենք եթե չճանաչեն, իրենց ասելով երկրորդ հայկական պետության գոյությունը, ապա իրենց տարածքում կլինեն և կձևավորվեն նոր պետություններ այլազգիների` թալիշների, լեզգիների, աղվանցիների կողմից: Հենց սա է լինելու վերջը, եթե շարունակեն նման քաղաքականություն վարել: Ավելի լավ է ճանաչեն երկրորդ հայկական պետությունը, քան 10-15 տարի հետո ունենան 5-6 այլ պետություններ, ինչն անխուսափելի է»:
Դավիթ Բաբայանի խոսքով` Ալիևի` այս ժամանակահատվածում հայտարարություն անելն է բացատրվում է այն հանգամանքով, որ այդ ձևով ոգևորում են իրենց ազգաբնակչությանը.
«Նման հայտարարությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ այսպես կոչված սև հունվարյան ժամանակահատվածն է, որի ընթացքում իրենք պետք է նման կենացներ ասեն և դրանցով ոգևորեն սեփական ազգաբնակչության մի մասին»,- իր խոսքը եզրափակեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ալիևը մասնավորապես ասել է հետևյալը.
«Ղարաբաղյան հակամարտությունը շատ պարզ լուծում ունի: Առաջին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Մենք երբեք թույլ չենք տա Ադրբեջանի տարածքում երկրորդ հայկական պետություն ստեղծել: Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու: Եթե որեւէ մեկը նման բան է սպասում, թող իզուր չսպասի: Նման բան չի լինելու»,- ասել է Ալիևը:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան