Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Հանրապետության Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ:
Եկող տարվա սկզբին նշվելու է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Հետադարձ հայացք նետելով անցած ուղու վրա՝ մեծ գոհունակությամբ պետք է նշեմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները միշտ աչքի են ընկել ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ և հարգանքով: Մենք բարձր ենք գնահատում այն զգալի աջակցությունը, որ տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ցուցաբերել է Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարաբնույթ բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը: Հիմնվելով տարիների արդյունավետ փոխգործակցության ավանդույթների և մեր հարաբերություններում առկա պատկառելի ներուժի վրա` Հայաստանը պատրաստակամ է անել հնարավորը հայ-ամերիկյան բարեկամության ու սերտ գործընկերության առավել խորացման ու զարգացման ուղղությամբ:
Մեծապես կարևորում ենք ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին հետևած դիվանագիտական ակտիվությունը մեկ անգամ ևս ընդգծեց այն կարևորագույն դերը, որը Միացյալ Նահանգները խաղում է այդ գործընթացում: Ինչպես համանախագահ երկրները, մենք ևս խորապես համոզված ենք, որ 1994-1995 թվականների զինադադարի վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանումն ու բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերը ամուր հիմք կհանդիսանան բացառապես խաղաղ միջոցներով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման համար: Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները մյուս համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ կշարունակի իր ակտիվ միջնորդական առաքելությունը՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման:
Կրկին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին նորանոր հաջողություններ և բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ը կշարունակի իր ակտիվ միջնորդական առաքելությունը. Սերժ Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet