Ի՞նչ իրեր կարող են ներկայացվել աճուրդի ընթացքում, ո՞րն է դրանց մասնակցելու նպատակը, արդյո՞ք ընդունված կարծիքի համաձայն աճուրդին մասնակցելու համար պետք է բավականաչ գումար ունենալ: Asekose.am-ի թղթակիցը այս և այլ հարցերի պատասխաններ ստանալու համար զրուցել է «ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնի և «ՀայԱրտ օնլայն» նախագծի տնօրեն Աննա Գրիգորյանի հետ:
Աճուրդի մասին ոչ բոլորն ունեն հստակ և ճշգրիտ պատկերացում, կարո՞ղ եք բացատրել, թե ինչ ասել է աճուրդ:
Լայն զանգվածներին հիմնականում ծանոթ են տեղի ունեցող հայտնի աճուրդները և կարծիք է ստեղծվել, որ աճուրդ ասվածը կապ ունի միայն արվեստի հետ: Սակայն, ըստ էության, աճուրդը քաղաքակիրթ շուկա է, որտեղ ի տարբերություն հայկական շուկայի` տվյալ իրի սեփականատերը դառնալու համար գներն իջեցնելու փոխարեն բարձրացնում են: Աշխարհի գրեթե բոլոր գործարքները կնքվում են հենց աճուրդների ժամանակ և այն հանդիսանում է մրցակցային և առողջ շուկայի խթաներից մեկը:
Ո՞րն է աճուրդ հաճախելու նպատակը:
Ձեզ հետաքրքրող այս կամ այն իրի ձեռքբերումը: Աճուրդի կարգախոս կարող ենք համարել «Եկա, տեսա հաղթեցի» արտահայտությունը: Ընդ որում` աճուրդի դեպքում միայն ցանկությունը բավարար չէ, պետք է նաև համապատասխան «ազարտ» ունենալ: Աճուրդին էլ հիմնականում մասնակցում են այն մարդիկ, ովքեր սիրում են հաղթանակի զգացողությունը:
Կա տեսակետ, որ աճուրդ կարող են այցելել միայն բավականաչափ կարողություն ունեցող մարդիկ, որովհետև ներկայացված իրերը շատ թանկ են: Արդյո՞ք սա համապատասխանում է իրականությանը:
Դա տարակուսանք է: Աճուրդների ընթացքում վաճառվում են հին իրեր, մեքենաներ և կահույք: Ինչ վերաբերում է արվեստի աճուրդներին, ապա այս դեպքում կարելի կտավը գնել ինչպես 500, այնպես էլ 5000000 դոլարով: Ամեն ինչ կախված է տվյալ լոտից:
Ապրիլի 19-ին Ոսկե դար պատկերասրահում տեղի է ունենալու առաջին դասական և ժամանակակից կերպարվեստի աճուրդը: Կարո՞ղ եք մանրամասներ հաղորդել ներկայացված աշխատանքներից:
Աճուրդի ընթացքում առաջին հերթին ներկայացված են մեր դասականների աշխատանքները. Մարտիրոս Սարյան, Ժան Ժանսեմ, Արփենիկ Նալբանդյան, Աշոտ Հովհաննիսյան, Մինաս Ավետիսյան, Գայանե Խաչատրյան: Հարկ եմ համարում նշել, որ ժամանակակից նկարիչները նույնպես մեծ հետաքրքրություն են դրսևորել աճուրդին մասնակցելու նկատմամբ: Ապրիլի 19-ին կայանալիք աճուրդին ներկայացված են ժամանակակիցների ավելի քան 20 աշխատանքներ: