▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն գերեզմանների ու հուղարկավորության հարցն էլ լուծեց

Ազգային ժողովը 92 «կողմ», 4 «դեմ», 12 «ձեռնպահ» ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների և լրացումների օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է ներդնել մասնավոր գերեզմանատների ինստիտուտը, համաձայն որի՝ մասնավոր գերեզմանատները կարող են կազմակերպվել իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից` սեփականության կամ կառուցապատման իրավունքով իրենց տրամադրված նվազագույնը 3 հա տարածքով հողամասերում:

Մասնավոր գերեզմանատան շահագործողն ինքնուրույն է կազմակերպում հուղարկավորության ծառայությունների մատուցումը` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա: Պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մահացածի հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի հետ, այնպես էլ մահացածի հետ` վերջինիս կենդանության ժամանակ: Պայմանագիրը կնքվում է նվազագույնը 15 տարի ժամկետով:

Մասնավոր գերեզմանատան շահագործման համար թույլտվության տրամադրման համար գանձվում է տարեկան տեղական տուրք: Օրենսդրական փաթեթում ներառված «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում կատարված լրացումների համաձայն՝ 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար տարեկան տեղական տուրքի չափը նախատեսված է  2,5 մլն դրամ, 5 հա-ից մինչև 7 հա-ի դեպքում՝ 5 մլն դրամ, 7 հա-ից մինչև 10 հա-ի դեպքում՝ 7 մլն դրամ, 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 10 մլն դրամ:

Կառավարությունն առաջարկում է կիրառել տուգանք՝ 500.000 դրամի չափով՝ հոգեհանգստի ծառայություն մատուցելու թույլտվության չունենալու և նման ծառայություն կազմակերպելու համար։

Նախագծում ասվում է, որ հրաժեշտի ծիսակատարության իրականացումը կազմակերպվում է կամավորության սկզբունքով՝ մահացածի հարազատների կամ հուղարկավորությունը ստանձնած անձանց նախաձեռնությամբ և կարող է իրականացվել՝ 1) բնակելի տներում, բազմաբնակարան շենքերի բնակարաններում, եկեղեցիներում, այն շենքերում և շինություններում, որտեղ իրականացվում են և (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին