Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, 103 կողմ, 4 դեմ, 4 ձեռնպահ ձայներով ընդունել է «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ հարակից նախագծերի փաթեթը:
Վարման կարգով ձայն խնդրեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ով հայտարարեց, թե չնայած համաձայնությանը, իր համոզմամբ՝ նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու ձև է:
«Սա նույն մեխանիզմն է՝ բառիս բուն իմաստով, հայեցակարգային իմաստով կարող են տարբեր կերպ մեկնաբանել»,-ասաց նա:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե 15 տարի պայքարել են, որպեսզի ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվեն:
«Ուստի ցանկանում եմ շնորհավորել ՀՀ-ում ժողովրդավարության այս կարևոր հաղթանակի համար»,-ասաց նա:
Նշենք, որ օրինագիծն առաջարկում է հրապարակել քվեարկածների ցուցակները, որպեսզի բացառի կասկածները, թե օգտագործվել են քվեարկությանը չմասնակցած քաղաքացիների ձայները։ Այդ ցուցակները տեղամասային ընտրական հանձնաժողովներից կփոխանցվեն ընտրատարածքային հանձնաժողովներին, իսկ դրանք էլ հաջորդ օրը ժամը 12։00–ից սկսած՝ 24 ժամվա ընթացքում պետք է սքանավորեն եւ հրապարակվեն ԿԸՀ կայքի առանձին բաժնում։ Դրանցից յուրաքանչյուրին կկցվեն տեղամասերի եւ ընտրական տարածքի համարները։