Այսօր Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում արտահերթ նիստ է մեկնարկել Օրակարգում առկա 22 հարցերից է նաև «Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեցին, որ անընդունելի են համարում Կառավարության գործելաոճը՝ 22 օրակարգային հարց բերել արտահերթ նիստին:
«Եթե կար սահմանադրական պահանջ կառավարության ձևավորման, կարելի էր արտահերթ նիստ հրավիրել միայն այդ հարցով, ոչ թե 22 օրենքը ճխտել այս արտահերթի մեջ, ինչը թույլ չի տալիս պատշաճ քննարկում։ Առավել ևս, որ հոկտեմբերի 2-ին առջևում ՏԻՄ ընտրություններ են նաև Վանաձորում և Գյումրիում, և կուսակցությունները զբաղված են այդ ընտրարշավով: Իշխանավորները ցույց են տալիս, որ հարգանք չունեն ժողովրդավարության հիմնարար սկզբունքների նկատմամբ»,-ասաց նա։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին հայտարարեց, թե միանում է Զուրաբյանի հայտարարությանը:
«Եթե կառավարությունը խնդիր ունի հերթական անգամ վերաձևելու կառավարության կազմը, ինչ-որ մեկին նախարար նշանակելու համար, ինչ-որ մեկի համար կոմիտե ստեղծելու համար, կարելի էր այդ նախաձեռնությունը մենակ բերել՝ հաշվի առնելով ՏԻՄ ընտրություններին բոլոր խորհրդարանական քաղաքական ուժերն են մասնակցում և տխրահռչակ Հարկային օրենսգիրքը քննարկել այն պայմաններում, երբ պատգամավորները ներկա կլինեին: Սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ: Ձևեք կառավարությունը ում վրա, ոնց ուզում եք, բայց մի բերեք լրջագույն նախագծեր քննարկել այն պահին, երբ պատգամավորները զբաղված են ՏԻՄ քարոզարշավով»,-ասաց նա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նիստը շատ կարճ է տեւելու. «Եթե ՏԻՄ ընտրություններ են, դա չի նշանակում, որ մենք չպետք է ԱԺ նիստ անցկացնենք: Միշտ էլ ունեցել ենք ՏԻՄ ընտրություններ»: