▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 11.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ! Թուրքական քարոզչություն Երևանի դպրոցում՝ Փայլանի մասնակցությամբ

Ավետիսյան դպրոցը ներկայացրել է պարզաբանում, որը կարող եք կարդալ ստորև․ 

Ի պատասխան Yerkir.am լրատվական կայքի «Ահազանգ! Թուրքական քարոզչություն Երեւանի դպրոցում՝ Կ. Փայլանի մասնակցությամբ» վերնագրով ս.թ. փետրվարի 2-ի հրապարակմանը, որն իր հերթին արտատպվել է նաեւ այլ լրատվամիջոցների կողմից, հայտնում ենք, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը, ինչպես նաեւ վերնագիրը պարունակում են ակնհայտ զրպարտություն եւ չեն համապատասխանում իրականությանը: 

Հրապարակումից անմիջապես հետո, միջոցառման կազմակերպիչները կապ են հաստատել նյութի հեղինակի հետ եւ մանրամասնորեն ներկայացրել միջոցառման նպատակն ու բովանդակությունը՝ պատասխանելով նրա բոլոր հարցերին, սակայն վերոնշյալ պարզաբանումները հեղինակի կողմից որեւէ կերպ չեն ներկայացվել հանրությանը՝ հերքելու նախորդ նյութում տեղ գտած ապատեղեկատվությունը։ 

Իրականում, 2025 թ. հունվարի 31-ին Ավետիսյան դպրոցում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ, պոլսահայ գործիչ Գարո Փայլանի հետ, ով ութ տարի թուրքական խորհրդարանում, այնուհետեւ՝ միջազգային հարթակներում, պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման, Հրանտ Դինքի սպանության հանգամանքները պարզելու եւ դատապարտելու, ինչպես նաեւ հայության մի շարք օրակարգային հարցերի հասցեագրման համար: 

Քանի որ Ավետիսյան դպրոցում գործում է Հրանտ Դինքի անվան լսարանը, որը բացվել է 2017 թ. հունիսի 23-ին՝ Ռաքել Դինքի ձեռամբ, սույն այցելությունը նպատակաուղղված է եղել՝ հարգանքի տուրք մատուցելու Հրանտ Դինքին, ինչպես նաեւ դպրոցի հետ բաժնեկցելու մեծ հայրենասերի եւ իր համախոհ ընկերոջ մասին ունեցած հիշողությունները։ 

Փայլանի այցի մասին նախապես տեղեկացվել է թե՛ ուսուցչական, եւ թե՛ ավագ դասարանների աշակերտական կազմին, ովքեր պատրաստակամորեն մասնակցել են հանդիպմանը։

Բոլոր ներկաները խոսնակին ազատ հարցեր ուղղելու եւ նրա հետ բանավիճելու հնարավորություն են ունեցել: Հարցերի գերակշիռ մասը, ինչպես նշվեց, առնչվել է Հրանտ Դինքի հետ Փայլանի անցած ուղուն, Թուրքիայում ապրող հայերի կարգավիճակին, որպես պոլսահայ պատգամավոր՝ Փայլանի դիմագրաված ճնշումներին եւ ունեցած հաջողություններին: 

Այսպիսով, ի պատասխան Yerkir.am լրատվական կայքի թյուր պնդումներին, վերահաստատում ենք, որ հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։

***

Երկիրը գրում է, որ ահազանգ է ստացել, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ավետիսյան դպրոցում (դպրոցը ոչ պետական միջնակարգ հանրակրթական հաստատություն է, որը գործում է 1999 թվականից) մոտ երկու օր առաջ բարձր դասարանների աշակերտներին հավաքել են և ասել՝ պատրաստ եղեք, կարևոր հյուր է գալու, ձեզ լավ կպահեք։

Պարզվում է՝ դպրոց հյուր է եկել Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր ոչ անհայտ Գարո Փայլանը։ Հանդիպմանը խոսվել է, որ հայերը պետք թուրքերի հետ հաշտ ապրեն, հանեն իրենց միջից թշնամանքը, իրենց խելոք պահեն, այլապես՝ թուրքերը նորից կմորթեն հայերին։

Ու իբրև շանտաժ՝ հանդիպմանն օրինակ է բերվել հայության վերջին գոյապայքարը, ասվել՝ ձեզ նման հազարավոր ջահելներ ևս գնացին կռվեցին, ու բոլորին կոտորեցին։ Ասվել է նաև, որ եթե դասեր չքաղեք՝ ձեզ էլ նույն կերպ կկոտորեն։

Կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ այս ամենը դուր չի եկել թե՛ աշակերտներին, թե՛ կոլեկտիվի անդամներին։ Ոմանք նույնիսկ ակնարկ են արել, որ ստիպված են եկել հանդիպմանը։

Հատկանշական է, որ Ավետիսյան դպրոցն աչքի է ընկել հայրենասիրական դաստիարակության ուղղված իր գործելաոճով, և զարմանալի կամ տարօրինակ է, որ հանդիպումը եղել է հենց այնտեղ։

Այստեղ կա 2 հանգամանք.

ինչպե՞ս է հնարավոր է դարձել վաղվա զինվորի, զինվոր ծնող ապագա մայրերի ու հայրենիքի վաղվա արժանապատիվ քաղաքացիների շրջանում  իրականացնել թշնամի պետության ներկայացուցչի քարոզչություն,

ինչպե՞ս է հնարավոր ակնհայտ քաղաքական, աշխարհաքաղաքական, ավելին, թշնամի պետության արտաքին քաղաքականության ողջ օրակարգի մասին քարոզչություն իրականացնել անչափահասների շրջանում, միջավայր որտեղ քաղաքական բնույթի քարոզչություն օրենքով արգելված է։

Թե՛ հրապարակային, թե՛ գրավոր դիմում ենք ՀՀ ՄԻՊ-ին և ԿԳՄՍՆ-ին՝ հետևյալ հարցերով.

տեղյա՞կ են նշված հանդիպման մասին,

ո՞վ է թույլ տվել այն,

ո՞վ է դպրոցականների շրջանում քաղաքական, թշնամի պետության քաղաքական օրակարգերի մասին քարոզչության կազմակերպման ու թույլատրման համար պատասխան տալու,

եղե՞լ է կամ լինելու՞ է, արդյոք, այլ կրթական հաստատություններում նշված անձը, եթե այո, ապա որտեղ։

Հեղինակ՝ Վահե Սարգսյան 

Դիտեք նաև՝

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Թուրքիայի քաղաքացի հանդիսացող այս աղբ-քարոզիչին ո՞վ է թույլ տվել մտել Հայաստանում դպրոցներ և թրքամետ քարոզչությամբ զբաղվել:
Պատկերացնո՞ւմ եք հակառակը լիներ Թուրքիայում. հայամետ քարոզիչից բան չէր մնա:
Իսկ Նիկոլի Հայաստանում ամեն թուրքական զիբիլ ուր ցանկանում, մտնում է: Կոչ եմ անում աշակերտների ծնողներին քայլեր ձեռնարկել այդ քարոզչի դեմ...
Դե, Հայաստանի ԱԱԾ֊ի մասին էլ չասեմ...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին